Շարմազանովը դեմ է «Սասնա ծռեր»-ի անդամների համաներմանը

«Իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ գնդապետ Վանոյանը»
sharmazanov

Համաներում հումանիստական ակտ է և որևէ մեկը չի կարող դրան դեմ լինել. համաներման հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը  և նշեց, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

«Ես համաներմանը կողմ եմ, բայց ՊՊԾ գունդը գրավողներին համաներում անելուն դեմ եմ»,- հայտարարեց նա: Նա ընդգծեց, որ ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր ՀՀ վրա:

«Ես որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման միջև: ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը և ՀՀ շահերը: Եվ իմ հերոսը ոչ թե ՊՊԾ գունդը գրավողն է, այլ՝ գնդապետ Վանոյանը: Մենք ինչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ ՊՊԾ գնդի գրավողներին համաներման ակտով ուզում ենք ազատ արձակել: Մենք սրանով ական ենք դնում մեր պետականության տակ»,-ընդգծեց նա: Նրա խոսքով` իր համար երկրորդական է, թե ով է վարչապետը, կարևորը Հայաստանի Հանրապետությունն է:

«Եթե նորից նման բան լինի, նորից մենք պետք է համաներե՞նք: Մենք ստեղծում ենք նախադեպ, որով ասում ենք՝ դու հարձակվի ՀՀ-ի վրա, մենք վաղը կհամաներենք: Սա անթույլատրելի է, և կրկնակի անթույլատրելի է ոստիկանապետի և ուժային կառույցների քար լռությունը»,- շեշտեց նա:

*

*