«Սասնա ծռեր»-ը օլիգարխիայից ազատվելու համար թիկունք է կանգնում Նիկոլ Փաշինյանին

«Սասնա ծռերը» խորհրդարանում ակնկալում է նոր ուժեր տեսնել։
garegin-chugaszyan

«Սասնա ծռեր»-ին, որպես նորաստեղծ կուսակցության, դժվար է եղել, բայց հաջողվել է մտնել ընտրապայքարի մեջ․ խոստովանել է կուսակցության պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը: Հանրապետությունում բացվել են 60 շտաբներ, հանդիպումների ընթացքում էլ նկատվում է, որ ժողովուրդն ակտիվ քաղաքականության մեջ է։

«Սասնա ծռերը» խորհրդարանում ակնկալում է նոր ուժեր, նոր դեմքեր տեսնել՝ հույս ունենալով, որ ժողովուրդը կմերժի օլիգարխիային եւ թույլ չի տա նրա սողոսկումը խորհրդարան: «Մենք» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին համարում է տատանվող ուժեր: Կուսակցությունը օլիգարխիայից ազատվելու համար թիկունք է կանգնում Նիկոլ Փաշինյանին, չնայած որ, ինչպես իրենք են ասում՝ իրենց մոտեցումը հին ռեժիմի նկատմամբ ավելի կոշտ է, քան «Իմ քայլ»-ինը. նույնիսկ համաձայն էլ չեն որոշ նշանակումների հետ, սակայն դա չի խանգարում գործընկերային հարաբերություններին:

«Միլիարդավոր դոլարների թալանը, որ տեղի է ունեցել, տասնյակ ընտանիքների ձեռքում է: Այդ գործընթացին մասնակցել են շատերը: Բայց պետք է կարմիր ու դեղին գծերը քաշել, ու, ովքեր կարմիր գծից այն կողմ են, պետք է պատժվեն: Մեր կուսակցությունը ավելի կոշտ դիրքորոշում ունի: Ժողովուրդը Փաշինյանին տվել էր այդ մանդատը, բայց նա դա չի արել: Մենք կարծում ենք, որ նոր Սահմանադրություն պետք է ընդունվի առաջիկա 2 տարվա ընթացքում, հետո լինեն արտահերթ ընտրություններ: Պետք է վերահաշվարկ կատարվի, բարձրացվեն նվազագույն աշխատավարձերն ու թոշակները: Ռազմավարական դոկտրինը պիտի փոխվի, որովհետեւ մենք ռազմավարական նահանջի ճանապարհ չունեցող երկիր ենք՝ ամբողջ երկիրը սահման է»,- նշել է պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը:

*

*