«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը շարունակում է իրականացնել նախընտրական քարոզարշավը և նոյեմբերի 29-ին եղել է Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում:
«Սասնա ծռեր»-ի անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Վարուժան Ավետիսյանը և այլք, առավոտյան այցելել են Կոտայքի մարզի Պռոշյան գյուղ, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ ազատամարտիկ, Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրիմին:
Պռոշյանից Վարուժան Ավետիսյանը և մի քանի այլ անդամ, ուղևորվել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ թռուցիկներ են բաժանել և իրենց խոսքն ուղղել տեղի բնակիչներին:
«Միասին շատ երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք չենք գալիս մրցակցելու մյուս քաղաքական ուժերի հետ, այլ ձեռք ձեռքի բռնած հեղափոխական ուժերի հետ՝ մտնենք խորհրդարան և կարողանանք շարունակել մեր պետության շինարարությունը»,- նշեց Ավետիսյանը և թալինցիներին ներկայացրեց իրենց ծրագիրը:
Ժիրայր Սեֆիլյանը, ով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության շտաբի ղեկավարն է, Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ իրենք գալիս են առաջին հերթին թույլ չտալու Մարտի 1-ի կոալիցիոն ուժերին մտնել խորհրդարան: