ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը՝ «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրության մասին

Հայաստանի գլխավոր դատախազի հետ այսօր հանդիպել է նաեւ Եվրամիության դեսպանը
amn-despanatun
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Hayastan24-ի կողմից հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն սկսելու նախաձեռնությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հրապարակված ձայնագրությանը, որում «ՍԱՍ Գրուպ» ընկերության ղեկավարությունը ընկերության աշխատակիցներին ստիպում է ձայներ հավաքել ՀՀԿ-ի տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, ընկերության հիմնադիր Արտակ Սարգսյանի համար:

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի եւ միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները:

Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները, եւ մենք ողջունում ենք Գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը, որ Hayastan24-ի կողմից կարճ ժամանակ առաջ հրապարակված խիստ մտահոգիչ նյութի հիման վրա քննություն է սկսվել:

Այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացման հետ:

Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որեւէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ»:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ուսումնասիրում են համացանցում հայտնված «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրությունը:

Համացանցում նախօրեին տարածվել է SAS գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում է ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու՝ Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից:

*

*