«Հեշտ լուծում երբեք չի լինելու»․ Սարգսյանը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները

Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը նախագահը ներկայացրել է ժնևյան բանակցությունների արդյունքները․․․

Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել  շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և′ Ադրբեջանի նախագահը, և′ ես դրանում խորապես շահագրգռված ենք:

Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

*

*