Վիգեն Սարգսյան. «Բանակը իրականում կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում»

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
vigen-sargsyan

Պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերը հիմնված են լինելու զինված ուժերի և բանակի նկատմամբ գերագույն-գլխավոր հրամանատարի և հանրապետության վարչապետի տեսլականի վրա. այն է՝ բանակաշինությունից անցում կատարել ազգ-բանակ կառուցմանը:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին:

«Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կա տարածաշրջանում, այն քաղաքական մարտահրավերները, որոնք առկա են՝ չափով մեծ բանակը շարունակելու է մնալ մեր իրականության մի մասը: Հետևաբար, պետք է հասկանալ երկու կարևոր գործոն: Առաջինը, պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի մեր բանակը, ինչպես շատ հաճախ ասում են, բացի «ծանր բեռ» լինելուց մեր տնտեսության և պետության համար, դառնա պետության և տնտեսության առաջատարը, շոգեքարշը»,- ընդգծեց նախարարը:

Մանրամասնելով ասվածը՝ Վիգեն Սարգգսյանն ընդգծեց՝ դա նշանակում է, որ ոչ միայն նրանք, ովքեր ծառայում են զինված ուժերում, այլ ողջ ազգաբնակչությունը պետք է բանակի հետ կապված ծրագրեր ունենա՝ լինեն դրանք գիտական, հետազոտական, տնտեսական, արդյունաբերական: Նրա խոսքով՝ այդ դեպքում բանակը իրականում կարող է դառնալ ոչ թե խնդիր, այլ լուծում:

«Երկրորդ կարևոր խնդիրն այն է, որ բանակը, բացի հասարակության հայելին լինելուց, դառնա հասարակության դպրոցն ու դարբնոցը: Այսինքն, բանակից զորացրվող զինվորը պետք է լինի շատ ավելի հայրենասեր, կրթված, ուժեղ, մարտունակ»,- ասաց Սարգսյանը:

Նա հավելեց, որ սա է լինելու իր հիմնական խնդիրը՝ վստահություն հայտնելով, որ Ազգային ժողովի հետ սերտ փոխգործակցության արդյունքում հնարավոր կլինի դրա համար ստեղծել իրավական հիմք և գործնական քայլեր ձեռնարկել այդ օրենսդրությունը իրականություն դարձնելու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները