«Առանձնապես ակնկալիքներ չունենք հանդիպումներից». Սերժ Սարգսյան

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ աշնանը:
sargsyan-aliev

Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն այս տարվա աշնանը չի բացառվում: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում խոսել է նախագահ Սարգսյանը: Հանդիպման մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։

«Նրանք հարցրեցին բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մեր դիրքորոշման մասին, մենք պատասխանեցինք հետևյալը.  առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ նախապատրաստական աշխատանքը ենթադրում է կոնկրետ առաջարկությունների մասին դիրքորոշում, այդ աշխատանքը չկա, բայց այնուհանդերձ մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես պատրաստ ենք հանդիպելու։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, և այդ հանդիպումը կարող է կայանալ աշնանը»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահն ընդգծել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա:

«Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որևէ կերպ, որևէ տեղ, որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը, եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման։ Որովհետև սա կործանարար ճանապարհ է և սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,-հավելել է նախագահը:

Նախագահը շեշտել է, որ Ղարաբաղի մասնակցությունն սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։

*

*