Սամվել Սարգսյանը գնում է վաղվա արդար հայրենիքի հետքերով

Սամվել Սարգսյանը Սեբաստիա բժշկական կենտրոնի , Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենն է և Սեբաստիա ծննդատան հիմնադիր-ղեկավարը:

Սամվել Սարգսյանը Սեբաստիա բժշկական կենտրոնի , Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենն է և Սեբաստիա ծննդատան հիմնադիր-ղեկավարը: Շուրջ 15 տարի է՝ իր ուսերին է կրում մոտ 600 հոգուց բաղկացած աշխատակազմի ղեկավարությունը: Ասում է՝ այցելությունները շատ են, օրվա կտրվածքով  700-800 հոգի: Ոչ-ոք դժգոհ չի հեռանում, փորձում են օգտակար լինել բոլորին:

«Վստահեցնում եմ Ձեզ, եթե հարցում անեք Մալաթիա-Սեբաստիա համայքնում, չի գտնվի մի քաղաքացի, որ երբևիցե իր համար իմ դուռը փակ է եղել, եթե նկատեցիք՝ չկա այնտեղ ցուցատախտակ՝ ընդունելության ժամերը այսպիսին են, մեր բնակիչները մշտապես եղել են իմ հոգածության, իմ ուշադրության և իմ աջակցության կենտրոնում: Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Այն մարդիկ, որոնք ինչ-ինչ հարցերով բժիշկների մոտ չեն ստանում իրենց հարցի վերջնական լուծումը, ես սիրով եմ այդ մարդկանց առաջնահերթ ընդունում, լսում իրենց խնդիրները, փորձում հասկանալ»,- ասում է Սամվել Սարգսյանը:

Ծնվել է Երևան քաղաքում: Ընտանիքում ի սկզբանե քարոզվել է հայրենասիրությունը, մարդկանց կարեկցելն ու աջակցելը:  Գաղափարներ, որոնք անհրաժեշտ են հատկապես բժշկի մասնագիտության համար: Ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, Սամվել Սարգսյանը աշխատանքի է անցել Կապանի մաշկա-վեներաբանական դիսպանսերում, որպես մաշկա-վեներաբան: 24 տարեկան երիտասարդ բժշկի ուսերին միանգամից ծանրանում է  ողջ ստացիոնարի 60 մահճակալանոց բաժանմունքի վարելը և ամբողջ ամբուլատոր պոլիկլինիկ այցելությունների ընդունելությունը:

«Ինձ հաջողվեց այդ տարիներին մի դժվարին խնդիր: Բոլոր վերապատրաստումները կամ Բաքվում էին կամ Թիֆլիսում, որովհետև չկար այդ բժշկագիտության մակարդակը: Այդ տարիներին վեց ամիս վերապատրաստվեցի նաև Լենինգրադում: Այնտեղ  ձեռք բերեցի գիտելիքների մեծ պաշար ու իմ մասնագիտական գիտելիքները ծառայեցրի ի շահ Սյունիքի մարզի բնակչության»,- նշում է բժիշկ Սարգսյանը:

Ծառայեց նաև ՀՀ զինված ուժերում՝ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայությունում՝ որպես բուժծառայության կապիտան:

«Շատ ավելի դաժանակիր իրավիճակ է, երբ առաջին –երկրորդ կուրսից մինչև 7-րդ կուրս դու ռազմաբժշկական կաֆեդրայում ամենօրյա դասերի ես լինում: Դա շատ ծանր է  և, բացի սովորական զինվորական ծառայությունից , մենք սպայական գիտելիքներ էինք ստանում բժշկագիտության, տոքսիկոլոգիայի և այլ ոլորտներում»:

Երազանքներն իրականաացել են` ստեղծել է ամուր ընտանիք թե′ տանը, և թե′ աշխատավայրում: Նրա կյանքում արդեն 5 ամիս է, ինչ նոր որակ է մտցրել նորածին թոռնուհին՝ Մարիան:

«Երազանքներս հիմնականում իրականացել են, որովհետև շատ լավ ընտանիք ունեմ, երկու հրաշալի զավակ, ինձ աջակցող կին: Անցած տարի իմ դուստրը ինձ մի գանձ նվիրեց՝ թոռնուհուն, և այդ դաշտում իմ երազանքները լիիրավ իրականացել են: Թե տանը և թե աշխատավայրում՝ Էությամբ նույն մարդն եմ, բայց աշխատավայրում աշխատանքի բնույթով մի փոքր ավելի խստապահանջ ես լինում: Կազմակերպչական առումով դու ժամանակի խիստ թանկ և րոպեներ չկորցնելու գաղափարը ունես, որ փորձում ես հարցերին շատ ավելի ճկուն և արագ պահանջող լուծումներ տալ»,- ասում է Սարգսյանը:

Սամվել Սարգսյանն առաջիկա ընտրություններին ՀՅԴ-ի կողմից վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքերի թիվ 3 ընտրական տարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու: Խորհրդարանում առաջնահերթ կհնչեցնի  առողջապահական ոլորտի խնդիրները:

«Առաջնահերթ պետք է ժողովրդի համար շատ կարևոր, շատ թանկ առողջությանը վերաբերող խնդիրներով հետամուտ լինեմ: Հետամուտ լինեմ, որ հայ մարդը, ցավոք սրտի իր ցածր վաստակած աշխատավարձի պատճառով, չի կարողանում լիարժեք օգտվել առողջապահական տարբեր ծառայություններից, դա ցավալի փաստ է: Մենք պետք է անթույլատրելի վիճակը գլխովի շրջենք: Պետք է տանք հնարավորություն, որ մարդը ոչ թե մտածի  ինչպես, ինչ միջոցներով , այլ ամբողջությամբ զբաղվի իր առողջության վերականգնման խնդիրներով»:

Սամվել Սարգսյանը Երբեք չի նահանջում՝ բնույթով է այդպիսին: Պահպանում է  իր դիրքորոշումն ու սկզբունքները: Որևէ դաշտում առճակատվելու հետ կապված վախի զգացում չունի: Գնում է միայն ընդառաջ՝ իր գաղափարների ու վաղվա արդար հայրենիքի հետքերով:

Դիանա Գաբրիելյան, Աշոտ Խաչատրյան, երկիրն այսօր:

 

*

*