Սամվել Ֆարմանյանը Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելը լավագույն լուծումն է համարում

Շարունակվում են վարչապետի թեկնածու ներկայացնելու շուրջ քննարկումները
varchapet serj naxagahakan

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցությունն ու նրա կոալիցիոն գործընկեր Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակում են վարչապետի թեկնածու ներկայացնելու շուրջ քննարկումները, սակայն շատ պատգամավորներ այդ պաշտոնում տեսնում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Եվ, ինչպես հայտնի է, շատ պատգամավորներ ունեն իրենց կարծիքը: Եվ ես գաղտնիք բացած չեմ լինի, որ յուրաքանչյուրը, գուցե, իր փաստարկումը ունենալով, այո, գտնում է, որ հանրապետության վարչապետի պաշտոնում նպատակահարմար է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ֆարմանյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին՝ Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը խոսել էր այն մասին, որ չունի հավակնություններ վարչապետ դառնալու: «Նա վերահաստատեց, որ ինչ վերաբերում է հավակնություններին, այո, նման հավակնություններ չկան: Բայց կա ռեալ քաղաքական իրավիճակ, որը վկայում է հետևյալի մասի՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում խորհրդարանական մեծամասնությանն է պատկանում վարչապետի թեկնածուին ներկայացնելու սահմանադրական իրավունքը: Այդ քննարկումները դեռ շարունակվում են»,- ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ չի ցանկանում, որ նման որոշումները կայացնելիս կտրվեն իրականությունից, այլ ելնեն ռեալ իրականությունից, որն այսօր գոյություն ունի: «Գոնե իմ պատկերացմամբ՝ իրականությունը հստակ է՝ կա խորհրդարանական մեծամասնություն, կոալիցիա, որը պետք է առաջադրի վարչապետի իր թեկնածուին: Ես ինքս այդ պաշտոնում տեսնում եմ նախագահ Սերժ Սարգսյանին»,- նշեց Ֆարմանյանը:

Հարցին՝ ի՞նչ իրողությունների մասին է խոսքը, արդյոք ՀՀ-ում չկա՞ որևէ այլ թեկնածու, ով պատրաստ է ստանձնել պետության ղեկավարի դերը, Ֆարմանյանն ասաց, որ կան՝, պարզապես ռեալ իրողությունների մեջ, քաղաքական իրատեսության շրջանակներում լավագույն ընտրություն է պետք կատարել: «Մեր քաղաքական թիմի, կոալիցիայի տեսանկյունից, իմ պատկերացմամբ, լավագույն լուծումը դա է»,- ասաց նա:

*

*