«Սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել»․ Սամվել Ֆարմանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո′ն Փաշինյան, եկե′ք գործընկեր փնտրելու»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին․

«Մայիսի մեկին ընտրելու ենք վարչապետ: Գուցեև այդ ընտրությունը լինելու է պատգամավորական իմ ողջ գործունեության ամենակարևոր քվեարկությունը: Մեր ներքին՝ ՀՀԿ ֆրակցիայի քննարկումներում կարող եմ հետևողականորեն հանդես գալ այն դիրքերից, որ ստեղծված իրավիճակում ֆրակցիան պետք է միաձայն քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին: Շա՜տ բան կարող եմ անել; Բայց մի բան՝ երբեք. իմ արժանապատվությունը կշեռքի նժարին չեմ դնի ու քաղաքական առևտրի մեջ չեմ մտնի, մեր կոլեկտիվ որոշումներից չեմ «թռնի»: Հիմա դուք ի՞նչ եք ուզում անել՝ նոր ուրացողնե՞ր եք կերտում: Ա՜խր, սեփական «ես»-ը ուրացածներին վաղը ինքներդ ստիպված եք լինելու դեն նետել: Ես կարող եմ ամբողջ ուժով համոզել ՔՊ-ի իմ գործընկերներին գործիք չդառնալ աշխարհաքաղաքական խաղերում, բայց երբեք ինձ թույլ չեմ տա համոզել իմ բարեկամ Արարատ Միրզոյանին ծլկել Վանաձորի այսօրվա հանրահավաքից:

Դադարեցրե′ք, խնդրում եմ, հանրային լոբբինգի անվան տակ անցկացվող այս ահաբեկչությունը՝ առնվազն կին պատգամավորների հանդեպ, պարո′ն Փաշինյան:

ՀՀԿ ֆրակցիայի անդամները, հիմնականում ԱԺ-ում են լինում, դադարեցրե′ք այն, ինչ արվում է և Ձեր ոճով՝ «բարձրացված ձեռքերով» հյուր եկեք ֆրակցիա, Ձեր ոճով՝ հանգիստ տոնով բացատրեք մեզ, թե ինչու պետք է քվեարկենք Ձեր օգտին, պատասխանեք Ձեր գործընկերների հարցերին: Եկե′ք խոսելու՝ պարզ, մարդկային: Եկե′ք առանց պաթոսի քննարկենք կարևոր հարցեր պաշտպանության, փոխզիջումային բանակցություններում զիջումների՝ առավելագույնի շուրջ պատկերացումների մասին, հասկանանք, թե ինչու է անտեսված «ռազմավարական» բառը Ձեր հռետորաբանությունում՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նկարագրելիս: Շա՜տ բան կա հասկանալու:

Եկեք ֆրակցիա հանդիպման, պարո′ն Փաշինյան, եկե′ք գործընկեր փնտրելու ու ոչ թե ուրացողներ կերտելու: Նրանք արդեն իսկ պետք եղածից շատ են ու լիուլի բավարար՝ Ձեր կյանքն ապագայում հարամելու համար: Եկեք օգնեք ինձ՝ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանիս, համոզելու ինձ ու իմ գործընկերներին, որ երկրիս շահն է միաձայն Ձեր օգտին քվեարկելը: Եկե′ք առանց պայմանավորվելու, առանց զգուշացնելու, եկե′ք առանց վուվուզելների, եկե′ք գործընկերների մոտ ու ոչ թե թիրախների: Եկե′ք:

Խաղաղությամբ՝ Սամվել»,- նշված է գրառման մեջ:

*

*