«Սա վերջին ընտրությունն է, որ այս շղթայում անցկացնում ենք». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ...

ԱԺ-ում  Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելու հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ սա վերջին ընտրությունն է, որ այս շղթայում անցկացնում են: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը։

Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր ընտրությունները միմյանց հետ փոխկապակցված են, մանավանդ` երբ խոսքը իրավաբանների տեղաշարժի մասին է: Ըստ պատգամավորի` սա վկայում է անհրաժեշտ այն վերադասավորումների մասին, որ պետք է իրականացնել այս փուլում:

«Եթե հետևենք` որ իրավաբանը որտեղ է տեղափոխվում` Գագիկ Հարությունյան, Գևորգ Դանիելյան, Գևորգ Կոստանյան, հիմա էլ` Հրայր Թովմասյան, պարզ կդառնա, որ խոսքն այս փուլում Սահմանադրությունը կյանքի կոչելու անհրաժեշտ գործի մասին է: Այս իրավաբանները ճարտարապետն են այս փոփոխությունների, ինչի համար էլ նրանց կատարած աշխատանքը դժվար է քննադատել: Նրանք այս գործը կատարել են լավագույնս»,- շեշտեց Ռուստամյանը:

Նրա խոսքով` այդ մարդիկ` իրավաբանի հայացքով, զերծ մնալով քաղաքական շահարկումներից, կարողացել են կատարել նաև այնպիսի ախտաճանաչում և գնահատում, որի համար խիզախություն էր անհրաժեշտ: «Այս փաստաթղթերը մնալու են պատմության մեջ, իսկ այն հռետորաբանությունը, որ հնչում է, անցնելու-գնալու է, չոր մնացորդը, որ մնալու է, նրանց գործն է: Այն գործում, որով այսօր Հայաստանը նոր փուլ է բացել մեր երկրում առաջընթացը ապահովելու համար, շատ մեծ է այս մարդկանց ավանդը»,- ասաց Ռուստամյանը:

*

*