«Եթե կինը պատրաստ է քաղաքականություն մուտք գործելուն, պատրաստ է նաև պայքարելու»

Ռուզան Առաքելյանը վստահ է՝ կանայք պետք է կանանց միջոցով տեսնեն քաղաքական դաշտը:
Ruzan-Arakelyan

ՀՅԴ  անդամ Ռուզան Առաքելյանը  շատերին է ծանոթ որպես  Ազգային ժողովի 4 –րդ գումարման  պատգամավոր, ու  թեպետ  գործող  խորհրդրանի  կազմում ընդգրկված չի , բայց քաղաքականությունից  երբեք չի հեռացել:  Այս   ընտրություններում  նա  ներկայացված է  կուսակցության   համապետական  ցուցակի 8-րդ հորիզոնականում, ինչպես նաև  տարածքային ցուցակով  պատգամավորության թեկնածու է առաջադրվել  թիվ 1 ընտրատարածքում:

Սկզբի համար տիկին Առաքելյանին խնդրեցինք գնահատել քարոզարշավի ընթացքը, ասաց,  որ այս օրերի ընթացքում համոզվել է, որ մեր ժողովուրդը բավականին իմաստուն է.

-Որքան էլ խոսում են այն մասին, որ փորձում են  կաշառել  ընտրողներին,  մեծ մասն արդեն  կողմնորոշված է, ու  այնքան հիմնավոր են ներկայացնում իրենց դիրքորորշումը ՝ թե ինչու են այս կամ այ ուժին ընտրում: Դա իսկապես  ուրախացնում է:  Այնպես  չի, որ բոլորը,  ում հետ հանդիպում եմ,  պատրաստվում են ՀՅԴ-ին ձայն տալ, պարզապես իրենք քաղաքացիական պարտքի գիտակցումն ունեն:

– Տիկին Առաքելյան որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել եք թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները:  Այս ընտրատարծքում իշխանությունն  առաջադրել է իր «ուժեղ» թեկնածուներին, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,գործող պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին և այլոց: Ինչպիսի պայքար ե՞ք ծավալելու:

-Ուժեղ ասվածը շատ հարաբերական է: Ուժ ասելով ի՞նչ ենք հասկանում.  միտքը, գաղափարախոսությունը, թե՞ փողը: Այս օրերին ես համոզվեցի, որ ուժեղ ես այնքանով, որքանով  համոզիչ ես քո խոսքի ու կեցվածքի մեջ, մանավանդ եթե մրցակիցդ  ուժեղ է  միայն նյութապես: Ասեմ նաև, որ  մարդիկ ինձ դեռ հիշում են նախորդ գումարման ԱԺ-ից:

–  Օրենսդրական աշխատանքի փորձ ունեք,  կնշե՞ք երեք խնդիր, որոնք նպատակ եք դրել  լուծելու՝  խորհրդարան մտնելով:

– Մեր նախընտրական ծրագրում արդեն ամրագրված են բոլոր խնդիրները,  կարող եմ շատ ավելին ասել ,  քան  ձեր կողմից նշված  երեքը: Բայց առաջին հերթին Արցախի խնդիրն է, քանի որ մենք չենք տարանջատում Հայաստան –Արցախ –Սփյուռք եռամիասնությունը ու հասնելու ենք նրան,որ Արցախը դառնա բանակցային կողմ: Երկրորդը՝  Հայաստանը պետք է դարձնենք արտահանող՝ ոչ թե ներմուծող երկիր: ՀՅԴ-ն առաջարկում է ՓՄՁ –ներին տալ հարկային արտոնություններ ու պետությունը պետք է կանգնի այն մարդկանց կողքին, ովքեր իրենց հայրենիքում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:  Երրորդը՝  երկրի զարգացման ապագան հաշվում են նրանով, թե այդ երկրում ինչպես են ապրում ու ինչ ապագա ունեն ծերերը: Մենք ապահով ծերություն պետք է երաշխավորենք, որ այդ մարդիկ պաշտպանված լինեն ու արժանապատիվ կյանքով ապրեն:

–  Տարիներ առաջ , սվիներով էին ընդունում կանանց մուտքը քաղաքականություն, հիմա կարծես սառույցը մի փոքր հալվել է: Համաձայն ե՞ք,որ մեր երկրում կանանց ներուժը այդքան էլ չի օգտագործվում:

-Իհարկե համաձայն եմ: Եթե  Հայաստանի բնակչության   52 տոկոսը  կանայք են , ապա  ակնհայտ է, որ նրանց ներուժը լիովին չի օգտագործվում, ու  առաջին հերթին՝  քաղաքականության մեջ: Սա լուրջ խնդիր է, բայց, ասեմ, որ  դա պետք չէ պայմանավորել նրանով, որ տղամարդ քաղաքական գործիչները արգելում են կանանց մուտքը  քաղաքականություն: Կարծում եմ,  հոգեբանական, մտածելակերպային  պատնեշները  դեռևս գործում են  ու հայ կինը իրեն պատրաստ չէ տեսնել քաղաքականություն մեջ: Լավ կին լինելը, ընտանիքն ամուր պահելը, իհարկե կարևոր գործ է, բայց պետք է հիշել, որ քաղաքականությունը նույնպես գործ է: Եվ  նույնկերպ,  ինչպես ձգտում ես  դառնալ լավ դասախոս ու հրաշալի մանկավարժ, այնպես էլ  քաղաքական գործիչ դառնալու,  երկրում ինչ- որ բան փոխելու ցանկություն կարող ես ունենալ:  Ասեմ նաև, որ  եթե կինը պատրաստ է քաղաքականություն մուտք գործելուն, ապա նա պատրաստ է նաև պայքարելու: Այս իմաստով ես  դեմ եմ քվոտավորման, քանի որ  դրա  շնորհիվ մենք գուցե  կանանց կբերենք քաղաքական դաշտ, բայց  դա դեռևս  չի նշանակում  , որ դա կլինեն պայքարելու պատրաստ կանայք:  Իմ կարծիքով,  տոկոսային հարաբերակցությունը պարտադրում է արհեստական գործընթաց, որի արդյունքում   քաղաքականության մեջ հանդիպում ենք այնպիսի կանանց, ովքեր հոգեբանորեն  պատրաստ չեն պայքարելու: Քաղաքականության մեջ լինելու համար ճանապարհ պետք է անցնել և ներքին մղում ունենալ:

-Ինչ կասեք  «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտության վերաբերյալ

– Քաղաքականությունը կնոջ գործ է , նույն չափով, որքան կնոջ գործն է ուսուցչությունը, լրագրությունը…  Հինգ տարի աշխատել  եմ Ազգային ժողովում, ու բավական արդյունավետ տարիներ էին.  հեղինակել եմ կարևոր օրինագծեր, օրինակ, որ  սահմանամերձ համայքներում անվճար կրթության իրավունք ստանան շրջանավարտները՝ վերադարձի պայմանով: Մյուս օրինագիծը դարձյալ վերաբերվում էր սահմանամերձ բնակավայրերին. առաջարկում էինք, որ այդտեղ   բիզնես գործունեություն ծավալողները պետք է ազատվեին շահութահարկից: Եղան նաև օրինագծեր,որ կառավարությունը հաստատեց,բայց արդեն չհասցրեցինք այն օրենքի տեսք տալ… Մի խոսքով, գործ էր, որը կանայք  տղամարդկանցից  ոչ պակաս ակտիվությամբ էին կատարում…

-Ձեր Խոսքը կին ընտրողներին

-Որպես կին՝ ես բարձր եմ գնահատում կանանց ներուժը: Կանայք պետք է կանանց միջոցով տեսնեն քաղաքական դաշտը:  Շատ հարցերում կանայք  ավելի զգայուն են , սրտացավ ու մտահոգ,  ու նրանք այնպիսի միջավայր կստեղծեն,որ երեխան իր հայրենիքում կայանա,այլ ոչ թե օտար ափերում:

Աղբյուրը՝ womennet.am

*

*