ՀՅԴ. Վանաձորում ՀՀԿ-ի տեղափոխումն ընդդիմադիր դաշտ կարելի է միայն ողջունել

«Եվ հիմա ընդդիմության համար եկել է ճշմարտության պահը»,- ասում է Ռուստամյանը։
vanadzor

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը որևէ վատ բան չի տեսնում նրանում, որ Վանաձորում իշխող ՀՀԿ-ն կարող է ընդդիմադիր դաշտ տեղափոխվել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Վանաձորում ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ընդգծեց, որ հանրապետության երրորդ քաղաքում ՀՀԿ-ի տեղափոխումը ընդդիմադիր դաշտ կարելի է միայն ողջունել:

«Եվ հիմա ընդդիմության համար եկել է ճշմարտության պահը։ Նրանց ավագանիների ձայները բավականացնում են իրենց քաղաքապետին նշանակելու համար։ Մենք միշտ էլ կողմ ենք արտահայտվել տարբեր ուժերին հակակշիռ ստեղծելուն։ Ժողովրդավարությունը հենց դա է։ Եվ մենք միշտ ողջունել ենք դա։ Այո, մենք ու ՀՀԿ-ն ավելի քիչ մանդատ ենք ստացել քաղաքի ներկայացուցչական մարմնում։ Եթե ընդդիմությունը կարողանա պայմանավորվել, դե ինչ, հոյակապ է»,- ասաց  Ռուստամյանը։

Նա հավելեց, որ ընդդիմությունը նման հնարավորություն ստացել է նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում, որի ջատագովներից է ՀՅԴ-ն: Ռուստամյանն ընդգծեց, որ այսօր ընդդիմադիր քաղաքական ուժերը վայելում են այն փոփոխությունների պտուղները, որի համար քննադատում էին ՀՅԴ-ին:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարել է Վանաձորի քաղաքապետի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Մինչ այդ, ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորի ավագանիում 3 մանդատ ստացած ԲՀԿ-ն հայտարարել էր, որ պատրաստ է միանալ այն որոշմանը, որը քննարկման արդյունքում կկայացնեն ՀՎԿ-ն և ԼՀ-ն: Երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման դեպքում ՀՀԿ-ն կարող է զրկվել Վանաձորում քաղաքապետ ընտրելու հնարավորությունից: ԼՀ-ն, ՀՎԿ-ն և ԲՀԿ-ն միասին Վանաձորում ունեն 18 մանդատ, իսկ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին՝ 17՝ մանդատ:

*

*