Արմեն Ռուստամյան. «Ոչ մի արտառոց բան չի կատարվել»

ՀՅԴ խմբակցության ղեկավարը չի շտապում կանխատեսումներ անել, թե 2018թ. ով կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:
armen-rustamyan

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի շտապում կանխատեսումներ անել, թե 2018թ. ով կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ չի կարող ասել՝ 2018թ. շարունակելո՞ւ է պաշտոնավարել Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնում, թե ոչ:

«2018 թվականը կգա, կտեսնենք, թե ով կլինի վարչապետը: Մենք վաղվա եղանակի կանխատեսումը չենք կարող տալ, իսկ դուք ուզում եք, որ ես առաջիկա 5 տարվա կանխատեսում անե՞մ»,- նշեց Ռուստամյանը:

Նա ՀՀ կառավարության կողմից լուրջ քայլեր տեսել է: Հենց այդ քայլերը տեսնելով է ՀՅԴ-ն որոշել կոալիցիա կազմել իշխող Հանրապետական կուսակցության հետ: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ կառավարությունն իրենց մատնանշած որոշ խնդիրների լուծում տվել է, ուստի իրենք կառավարությանը վստահության քվե տալու առիթ ունեն:

Պատգամավորն անդրադարձավ նաև Շիրակի մարզպետին փոխելու վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ ցանկացած մարդ գիտի, որ հավերժական պաշտոններ չեն լինում:

«Կուսակցությունը կարող է որոշել, թե որ անձը որտեղ կաշխատի: Այստեղ ոչ մի արտառոց բան չի կատարվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

*

*