«Մենք մեր տեսակետից չենք պատրաստվում հրաժարվել». Արմեն Ռուստամյան

«Դաշնակցություն կուսակցությունը գործում է կոալիցիոն հուշագրով ամրագրված բոլոր պայմանավորվածությունների համաձայն»

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ռեյտինգային ընտրակարգի հարցում ՀՀԿ-ի հետ  տարբեր մոտեցումներ ունենալը չի կարող հիմք հանդիսանալ կոալիցիայում իրենց հարաբերությունները վերանայելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ «Դաշնակցություն» կուսակցությունը գործում է կոալիցիոն հուշագրով ամրագրված բոլոր պայմանավորվածությունների համաձայն, իսկ ռեյտինգային ընտրակարգի հարցում իրենց դիրքորոշումը որևէ մեկի համար անակնկալ չպետք է լինի:

«Մեր մոտեցմանը վաղուց ծանոթ են բոլորը, մենք թաքուն ոչինչ չենք արել։ Մենք հանուն համախոհության ձևավորման, որը այդ ժամանակ կարևոր էր համապատասխան վստահության միջավայր ձևավորելու համար, գնացել ենք այս զիջմանը ու վերապահմամբ ընդունել ենք այն Ընտրական օրենսգիրքը, որտեղ ամրագրված է ռեյտինգային այնպիսի համակարգ, որի վերաբերյալ մենք ժամանակին շատ հստակ ասել ենք, որ  մեր կողմից անընդունելի է։ Մենք կողմնակից ենք համամասնական դասական ձևերին»,- հայտարարեց Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ ապրիլյան ընտրությունների ժամանակ փորձարկվեց ռեյտինգային ընտրակարգը և համոզվել են, որ իրենց մոտեցումները ճիշտ էին, քանի որ ռեյտինգային այն ընտրակարգը, որ գործում է Հայաստանում, շեղում է համամասնական ընտրակարգից:

Նա շեշտեց, որ  պատրաստվում են իրականացնել կոալիցիոն հուշագրով նախատեսված կետերը, այդ թվում այն կետը, որը ասում է՝ պետք է կատարելագործել Ընտրական օրենսգիրքը։ «Կատարելագործումն այն է, որ կան կետեր, որոնք մեզ չեն բավարարում։ Այնպիսի իրավիճակ է, որ մենք պետք է բանակցություններով հանգենք ընդհանուր հայտարարի։ Չեմ բացառում, որ սա դառնա այն հարցը, որ տարաձայնություններ կառաջացնի։ Բայց մենք մեր տեսակետից չենք պատրաստվում հրաժարվել, քանի դեռ տրամաբանական պատասխան այս համակարգը պահելու հետ կապված մենք չենք ստացել»,- հավելեց Ռուստամյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կոալիցիայից դուրս գալու խնդիր առաջանա, պատգամավորը պատասխանեց. «Կոալիցիայից դուրս գալու խնդիր եթե լիներ, մենք չէինք էլ մտնի կոալիցիա։ Այդ տարաձայնությունը վաղուց կար, մինչև կոալիցիա ձևավորելն էլ կար»։

*

*