Ռուստամյան՝ Ծառուկյանն իր քայլով կանխեց արյունահեղությունը

Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը համաձայնեցվա՞ծ է իշխանության հետ, Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ի հետ՝ որպես իշխանության մասի, համաձայնեցված չէ:

yerkir.am— ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում անդրադարձավ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը: Նրա խոսքով՝ բոլորովին էլ պետք չէ բացառել, որ Ծառուկյանը կարող է վերադառնալ քաղաքականություն:

«Ես չեմ բացառում, որ նման բան կարող է կատարվել, հակառակը՝ շատ հավանական եմ համարում: Իսկապես, Հարվարդ պետք չէ ավարտել՝ հասկանալու համար` եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Քաղաքականությունն ակտիվանալու է առաջիկայում, և մարդը չպետք է այդ ամենից այն կողմ դնի իրեն: Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել ենք, որևէ խնդիր չենք տեսնում, դրական ենք համարում մոտեցումը, որ նա այն ժամանակ չգնաց արյունահեղության»,- ասաց Ռուստամյանը:

Պատասխանելով հարցին՝ իշխանությունն ունի՞ Գագիկ Ծառուկյանի կարիքը, նա պատասխանեց, որ Ծառուկյանի կարիքն ունի նրա շրջապատը, այն մարդիկ, որոնց օգտակար է լինում նա:

«Մենք այն ժամանակ առաջինն ենք եղել, որ ասել ենք` լավ է, որ Ծառուկյանը չգնաց արյունահեղության»,- ասաց ՀՅԴ-ականը՝ հավելելով. «Հայաստանում այնքան ծալված էջեր են բացվել, ծալծլվել /Ծառուկյանը հայտարարել էր, որ չի բացառում, որ կբացի քաղաքականության` իր «ծալված էջը» — խմբ./»:

Պատասխանելով հարցին, թե Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալը համաձայնեցվա՞ծ է իշխանության հետ, Ռուստամյանը նշեց, որ ՀՅԴ-ի հետ՝ որպես իշխանության մասի, համաձայնեցված չէ: «Ինչո՞ւ պետք է համաձայնեցվի, մարդն ազատ մարդ է, կարող է տնօրինել իր կյանքը»,- ասաց նա:

«Իրավիճակը թեժացել էր այնպես, որ տեղի ունեցավ քառյակի փոխակերպումը եռյակով, և եթե քառյակը շարժվեր ՀՅԴ-ի ծրագրով, չէր տրոհվի»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ իրենք արագ իշխանափոխության կողմնակից չէին և ճիշտ մարտավարություն ընտրելու անհրաժեշտություն էին տեսնում:

«Լավ է, որ կեսից Ծառուկյանի կամքը եղավ և նա տեսավ՝ իրավիճակը գնում է արյունահեղության: Նա հասկացավ, որ արյունահեղություն է լինելու: Առջևում Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի էր պատրաստվում: Մենք այն ժամանակ էլ ասում էինք, որ պատերազմող երկիր ենք, և մեզ համար շատ վտանգավոր է այդ ամեն ինչը: Մի խումբ կար, որ ուզում էր` այդ արյունահեղությունը լինի, Ծառուկյանն իր քայլով դա կանխեց»,- ասաց Ռուստամյանը:

*

*