Արմեն Ռուստամյան՝ «Թշնամին այս գաղափարից սարսափելու է»

Ռուստամյանը ողջունեց Պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, ով առանց ժամանակ կորցնելու փորձում է միս ու արյուն հաղորդել ազգ-բանակ գաղափարին:
rustamyan
yerkir.am- Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով: ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա ողջունեց Պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը, ով առանց ժամանակ կորցնելու փորձում է միս ու արյուն հաղորդել ազգ-բանակ գաղափարին: Ըստ պատգամավորի, դա շատ լուրջ գործընթաց է, որի սկիզբը դրվում է նման քայլերով, որովհետև դրա հետ է կապվում ազգային տուրքի գաղափարը:

«Դաշնակցության համար սա սկզբունքային հարց է: Դաշնակցական տեսաբաններից Միքայել Վարանդյանը ժամանակին, դեռ 1910թ-ին հրապարակել է մի աշխատություն, որտեղ ասում է, որ վերլուծելով հայ ժողովրդի վիճակը, ով շրջապատված է թշնամիներով, հանգել է եզրակացության, թե ինչպես պետք է հայ ժողովուրդը հույսը իր վրա դնելով կառուցի իր պաշտպանությունը:

Դա նույն գաղափարն է, միայն թե նա այն անվանել է համաժողովրդական բանակ, հիմնավորելով, որ հայ ժողովուրդը այլ ճանապարհ չունի:Սա մի հայեցակարգ է, որ ցանկացած հայ ցանկացած պահի պետք է լինի կամ բանակի շինարար, կամ բանակի զինվոր»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով բոլոր այն քննադատությունները, որոնք կատարվում են այն մարդկանց կողմից, ովքեր ընդունում են գաղափարը, բայց ասում են, որ շտկումներ են պետք, պատգամավորը նրանց ողջունում է: Բայց բոլոր նրանք, ովքեր մերժում են գաղափարը, ըստ Ռուստամյանի, երևի լավ չեն հասկացել, թե մենք ինչ միջավայրում ենք ապրում ու ինչ մարտահրավերներ պետք է ազգովի հաղթահարենք: Պատգամավորի խոսքով եկել է պահը ռեսուրսները մոբիլիզացնելու, մեկ բռունցք դառնալու:

«Այո, թշնամու ջրաղացին պետք չէ ջուր լցնել, պառակտող բաներ ասել: Նա այս գաղափարից սարսափելու է, հենց տեսնի որ հայ ժողովուրդը համախմբվել է իր սրբության սրբոցի բանակի շուրջ, նա ռիկս չի անի մեր վրա հարձակվել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա չի ժխտում, որ կա անսվստահության մթնոլորտ, որն իր ծանրությամբ կուտակվել է բոլորի վրա, բայց պետք չէ նմանվել մարդու, ով անընդհատ դժգոհում է խավարից, փոխանակ մի մոմ վառի:

«Ո՞վ պետք է խավարը ցրի, դու քո չափով քո մոմը վառի, բայց նաև ազգովի պահանջենք, որ հազար մոմանոց լամպ ունի, նա էլ վառի, ստիպենք որ նա դա անի: Եթե չի անի, այդ լամպը պետք է ձեռքից առնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պաշտպանության հարցն այսօր առաջնահերթ է, և պետք է սկսել քայլ անել, և ուրեմն պետք է հասկանալ հարցի լրջությունը: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու օրինագծին:

*

*