Ռուստամյան՝ ՀՅԴ-ն ընտրությունների վրա ազդելու համար որեւէ լծակ չի օգտագործել

Ռուստամյանը նշեց, որ ռեյտինգային ընտրակարգին դեմ են նաև այլ քաղաքական ուժեր:

yerkir.am— ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց նախընտրական քարոզարշավը: Ռուստամյանի խոսքով՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որը որևէ վարչական լծակ չի օգտագործել ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

«Մենք զերծ ենք մնացել գայթակղությունից, օգտագործել որևէ լծակ: Ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար լուրջ հիմքեր ենք ստեղծել, չնայած նրան, որ վարկանիշային թեկնածուների մեծ քանակը և առհասարակ վարկանիշային ընտրակարգը մեր սրտով չէր: Սա կոմպրոմիսի արդյունք էր, բայց աում ենք, որ բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու տարբերակը մի քիչ նսեմացվել է այս ընտրակարգով»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք խնդիր են դրել ժողովրդին բացատրել, որ չի կարելի գերդաստանային կապերի միջոցով գնալ ընտրությունների:

Հարցին՝ առաջիկա խորհրդարանում ՀՅԴ-ն պայքարելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգի դեմ և քննարկումներ լինելո՞ւ են այս առնչությամբ ՀՀԿ-ի հետ, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ ընտրակարգին դեմ են նաև այլ քաղաքական ուժեր:

«Մենք հենց սկզբից ենք ունեցել քննարկումներ ՀՀԿ-ի հետ, մեր գործընկերները տեղյակ են, որ մենք սրան դեմ ենք, հենց հարմար առիթ եղավ, մենք այս խնդիրը կրկին բարձրաձայնելու ենք, բոլոր քաղաքական ուժերն էլ դեմ են խոսել ռեյտինգային ընտրակարգին»,- ասաց նա: Ռուստամյանի խոսքով՝ ստեղծված է մի վիճակ, որ իշխանության վերարտադրություն չլինի:

«Իշխանությունների վերարտադրության համար երկու հիմք կար. մեծամասնական ընտրակարգը, բացակաների, ուրիշների փոխարեն քվեարկությունները, որոնք լցոնումների, կարուսելների հնարավորություն էին տալիս, և սա բերում էր նրան, որ լինում էին ուռճացված թվեր: Այս ընտրություններին մասնկացությունը լինելու է շատ ավելի քիչ, որովհետև ուրիշների փոխաևրեն քվեարկություն չի լինելու: Մենք այդ երկու ռեսուրսներից զրկել ենք իշխանություններին»,- ասաց նա:

*

*