Ռուստամյան. «Այս օրերին հայ ժողովրդի համախմբումը համահայկական բնույթ ունի»

ԱԺ-ի նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հայ ժողովուրդն այս օրերին միասնական է, որովհետև ի տարբերություն ադրբեջանցիների, պաշտպանում է իր հայրենիքը, կռվում է ու կռվելու է իր հայրենիքի համար: Ազգային ժողովի նիստի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Այն ինչ տեղի ունեցավ, անսպասելի չէր: Մենք գիտեինք, որ Բաքուն, Ադրբեջանը մի օր նորից դիմելու է այս արկածախնդրությանը, նորից թերագնահատելու է մեզ, գերագնահատելու է իր ուժերը և փորձելու է արագ, իրենց կարծիքով արդեն ծնկի եկած հակառակորդին ոչնչացնել:

Սա նորություն չէ, և  նաև նորություն չի, որ արձանագրեցինք այն համախմբումը, որ հայ ժողովուրդը միշտ դրսևորել է ծանր պահերին՝ մի կողմ թողնելով և երկրորդական համարելով բոլոր տարաձայնությունները: Հայ ժողովուրդը  համախմբվել է, որովհետև, մենք ի՝ տարբերություն ադրբեջանական զինվորի, պաշտպանում ենք մեր հայրենիքը, մարտնչում ենք մեր հայրենիքի համար և կռվելու ենք մինչև վերջ, մինչև մեր հայրենիքը իր գոյությունն ամբողջ աշխարհին փաստի:  Եթե դա ևս մեկ անգամ փաստելու կարիքը կա, մենք մեկ անգամ էլ կանենք դա: Մենք պատրաստ էինք սրան, որովհետև հասկացել ենք, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի: Այս տրամաբանությամբ ենք ապրել, և դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ արդեն ռազմական գործողությունների ընթացքում է դրսևորվում մեր պատրաստակամությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Ռուստամյանն ուրախությամբ ընդգծեց, որ այս օրերին հայ ժողովրդի համախմբումը համահայկական բնույթ ունի:

«Այսօր ողջ հայկական հատվածները  զորաշարժի մեջ են: Ես ուրախ եմ, որ դրա համար հիմքեր են ստեղծվել, մենք միշտ ասել ենք, որ մեր ուժը մեր վրա պետք է դնենք: Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է ռազմական փոխօգնության համաձայնագիր ունենան, և հիմա շատ ուրախ ենք, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ամենաբարձր մակարդակով:  Մենք պետք է ցույց տանք, որ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը և Սփյուռքը մեկ ուժ է, միասնություն է, և ոչ մեկ չի կարող մեր գոյությունը կասկածի տակ դնել»,- եզրափակեց պատգամավորը:

*

*