«Պատրաստ ենք քննարկել վարչապետի ցանկացած թեկնածություն»․ Արմեն Ռուստամյան

«Մենք, կարծում եմ, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի»,- նշեց Ռուստամյանը:
rustamyan

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարկի ՀՀԿ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս մասին նշեց ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա կարծում է, որ արդեն ապրիլի 9-ին մոտ, երբ կավարտվեն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իշխանական կոալիցիայում ՀՀ վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները տեղի կունենան: «Կոալիցիայի հուշագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, բայց բնական է՝ իրենք պետք է ներկայացնեն թեկնածուին, և կոալիցիան պետք է այդ հարցը քննարկի: Սա տեղի կունենա ապրիլի 9-ին մոտ: Մենք, կարծում եմ, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի»,- նշեց Ռուստամյանը:

Վերջինս, սակայն, կարծիք հայտնեց, որ իրենք մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանան վարչապետի թեկնածուի անունը: Հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստ է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածություն ևս քննարկել, Ռուստամյանն ընդգծեց, որ պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածություն, որ կառաջարկի Հանրապետական կուսակցությունը:

Արմեն Ռուստամյանը վստահեցնում է նաեւ, որ նոր Սահմանադրությամբ որևէ մի անձ չի կարող ամբողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնել:

«Մենք երբեք այդ փոփոխություններն անձերով չենք պայմանավորել, սակայն միևնույն ժամանակ չենք բացառել, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, բայց նաև ասել ենք, որ Սերժ Սարգսյանը այդ դեպքում չի ունենա նույն լիազորությունները, որ նա ունի՝ որպես  Հայաստանի Հանրապետության նախագահ: Մենք կարծում ենք, որ ընդհանրապես մեր իրականության մեջ անձերով պայմանավորելը շատ սխալ ընթացք է, և այնպես ենք արել, որ այս համակարգը, ընդհանուր առմամբ, զսպի ցանկացած անձի, որ նա չկարողանա այնքան լիազորություն ունենալ, որ իր ձեռքում կենտրոնացնի ամբողջ իշխանությունը: Մարդիկ կամաց-կամաց կտեսնեն, որ ամեն մեկն իր գործունեության դաշտն ունի»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Նա հավելեց, որ քաղաքական համակարգում էական փոփոխություններ են լինելու, ուստի ժամանակ է հարկավոր, որպեսզի հանրության համար էլ այդ փոփոխությունները տեսանելի լինեն:

*

*