ՀՀ օրակարգում նման հարց չի սպասվում. Ա. Բաբլոյանը՝ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին

Արա Բաբլոյանը տեղում է հակադարձել Վոլոդինին և ասել, որ նման հարց ՀՀ օրակարգում չկա:
ara-babloyan (1)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ ԱԺ Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ Արա Բաբլոյանը տեղում է հակադարձել Վոլոդինին և ասել, որ նման հարց ՀՀ օրակարգում չկա։

«Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»,-ասաց Բաբայանը։

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։

Հուլիսի 14-ին Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

*

*