Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարությամբ հանդես է եկել Ղարաբաղյան պատերազմում զինադադարի 25-ամյակի առթիվ

Մոսկվան տեսնում է հակամարտող կողմերի՝ խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։
rd-agn3

Կիրակի օրը լրանում է Բիշքեկյան արձանագրությունների 25 տարին, և այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ:

Պաշտոնական Մոսկվայի տարածած հայտարարությունում արձանագրված է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ստորագրած համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին:

Հայտարարությունում նաև նշված է, որ Մոսկվան տեսնում է հակամարտող կողմերի՝ խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։ Այդ են վկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպումը և երկու երկների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած բանակցությունները, նշում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում ասված է նաև, որ Մոսկվան, իր կողմից, փոխզիջումային հանգուցալուծումներ գտնելուն ակտիվ աջակցություն կցուցաբերի։ «Ինչպես և նախկինում, մենք շարունակելու ենք մեր միջնորդական ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին»,- նշված է պաշտոնական Մոսկվայի հայտարարությունում:

Հիշեցնենք՝ 25 տարի առաջ ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվեց արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:

*

*