Ռոմիկ Մանուկյան. «Մեր մեջ առողջ մրցակցություն է»

Ռոմիկ Մանուկյանը նշեց, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը, ընդհանուր առմամբ, հանգիստ է:
hyd

Շիրակի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված է Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ով Yerkir.amի հետ հետ զրույցում նշեց, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը, ընդհանուր առմամբ, հանգիստ է:

«Չեղավ այն, ինչ պետք էր, քաղաքական բանավեճ չեղավ, չեղավ ծրագրերի բախում: Շատ դեպքերում ռեյտինգայինով առաջադրված թեկնածուները կուսակցության անունից չեն խոսում, այլ, իրենց անձնական  աշխատանքը ներկայացնելով, ուզում են ընտրվել պատգամավոր: Սա բացասական է»,- ասաց նա՝ հավելելով՝  համամասնական ընտրակարգը  ողջունելի է, սակայն ռեյտինգայինը ստվեր գցեց համամասնականի գաղափարի վրա:

Խոսելով իրենց թիմի մեջ մրցակցության առկայության մասին` Մանուկյանը նշեց, որ եթե մրցակություն չլինի, նաև քվե չեն ունենա:

«Երևի ինչ-որ տեղ ռեյտինգային ընտրակարգը նպաստում է, որ ամեն մեկն, իր հարազատության,  իր ընկերության շնորհիվ ավելի շատ քվե բերի իր կուսակցությանը: Սա դրական է, բայց սա առողջ մրցակցություն է, մեր մեջ առողջ մրցակցություն է: Վստահեցնում եմ, որ մենք ունենալու ենք բավարար քվե և մեր մարզից պատգամավոր ունենալու ենք»,- ընդգծեց Մանուկյանը:

Ըստ նրա՝ ընտրակաշառքը միշտ ազդել է ընտրությունների վրա և էլի ազդելու է:

«Շատ կուզեի, որ չլիներ ընտրակաշառք: Գյումրին ցույց տվեց, որ ընտրակաշառք բաժանելուց հետո հակառակ վերաբերմունքի է արժանացնում բաժանողներին:  Հուսամ այս անգամ մեր ընտրողները նույն վերաբերմունքը կցուցաբերեն ընտրակաշառք տվողներին և հակառակը կանեն»,- ասաց Ռոմիկ Մանուկյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր շանսերին, ապա նա դրանք բավարար գնահատեց:

*

*