Սարգսյանն ընդունել է Ռոհանիին. «Մենք մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում»

Կողմերը վերահաստատել են Հայաստանի ու Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունը, որը դարավոր պատմություն ունի:
sargsyan-rohani

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Նախագահի նստավայրում արդեն տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Իրանի Նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Ստորագրվել են մի շարք համաձայնագրեր:

Կողմերը վերահաստատել են Հայաստանի ու Իրանի միջեւ բարեկամական հարաբերությունը, որը դարավոր պատմություն ունի: Եվ կարեւորել են ունեցած ներուժը տարբեր ոլորտներում օգտագործելու հարցը:

Նախագահները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունեն: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանը:

«Հարգելի՛ պարոն Նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք հայ ժողովրդի կողմից սպասված և ցանկալի հյուր եք, և մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի պաշտոնում նոր ոգի և շունչ կհաղորդի մեր համագործակցությանը: Հայ-իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, և հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձևավորեցինք միջպետական հարաբերություններ: Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնի մեր հարաբերությունները: Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար: Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ և ազնիվ մեր հարաբերություններում և պատրաստ ենք այդպես էլ շարունակել: Օգտվելով առիթից՝ խնդրում եմ իմ խորին հարգանքն ու բարեմաղթանքները փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսեյն Խամենեին: Բարով եք եկել Հայաստան»,-ասել է ՀՀ Նախագահը:

«Մեծարգո՛ Նախագահ, անչափ շնորհակալ եմ և շատ ուրախ, որ այսօր այցելել եմ Հայաստանի Հանրապետություն՝ գեղեցիկ երկիր Հայաստանի Հանրապետություն և Երևան մայրաքաղաք: Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ջերմացնել ու զարգացնել: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի Նախագահ Հասան Ռոհանին:

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*