Ռոբերտ Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել, թե ինչ ձևաչափով է վերադառնալու ակտիվ քաղաքականություն

ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին
Robert-Qocharyan

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական  «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վերահաստատել է Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում ներգրավվելու ցանկությունը: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դա կարող է լինել կուսակցության, շարժման, որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, նաև կարող է անձնավորված, կամ ոչ անձնավորված լինել:  Անդրադառնալով հարցին, թե ինքը, որ տարբերակին է հակված՝ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել»:

Ռոբերտ Քոչարյանը նաև նշել է, որ ինքը քաղաքականությունից երբեք չի հեռացել:

«Ինչպես ընդունված է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Ես 10 տարի պասիվ եմ եղել: Իմ դիրքորոշումն արտահայտել եմ սկզբունքային հարցերի վերաբերյալ, որոնց հետ համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ ցուցաբերել: Հիմա ես շատ ավելի ակտիվ եմ արտահայտվելու»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ինչ վերաբերվում է Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական զարգացումներին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին զգացել է բողոքական տրամադրությունները և ժամանակին գործել է: «Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը:

Հարցին՝ 4 ամիսը բավարա՞ր ժամանակ է՝ հասկանալու, գնահատելու համար իշխանության կոմպետենտությունը, կամ ոչ կոմպետենտությունը, հաջողությունը կամ անհաջողությունը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ դա բավարար ժամանակ է հասկանալու համար, թե որքանով է իշխանությունը կոմպետենտ, ինչ արժեքների վրա է հիմնվում, որքանով է այն ունակ համակարգային աշխատանքի:

Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաև 2008-ի դեպքերին:

Լրագրողի հարցին` արդյո՞ք իրեն պատասխանատու չի զգում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների համար, Քոչարյանը պատասխանել է, որ առաջին հերթին պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր նախընտրական արշավի արդյունքում այնքան էին ծայրահեղականացրել իրավիճակը, որ ամեն ինչ ավարտվեց այդ կոնֆլիկտի պայթյունով:

«Իհարկե, եթե կար ընդդիմություն, կար իշխանություն, ապա ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է: Անկասկած կիսվում է: Հնարավոր է ` ինչ-որ մեկը կարող էր անել ինչ-որ բան, ինչը կկանխեր այդ կոնֆլիկտը: Սակայն ամեն ինչ այդ իրավիճակում կարող էր նաև ավելի վատ լինել… Ես վստահ եմ, որ պատասխանատվությունը նաև իշխանություններինն է, սակայն առաջին հերթին դա նրանցն է, ովքեր հրահրել են զանգվածային անկարգությունները: Իհարկե, դա ողբերգություն էր, Աստված չանի, որ նման բան կրկնվի: Տեսեք` ինչ է այժմ արվում: Հասարակությանը բաժանում են սևերի և սպիտակների: Այն ժամանակ նույնն էր արվում»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

*

*