Հայաստանի կառավարությունը պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ գտնի Ամուլսարի ծրագրի հետ կապված․ Միլս

Ծրագրի ապագան պետք է տնօրինվի իրավունքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է կարճ ժամանակահատվածում լուծումներ գտնի Ամուլսարի ծրագրի հետ կապված:

Իր հրաժեշտի զեկույցում Միլսը նշեց, որ ծրագրի ապագան պետք է տնօրինվի իրավունքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն:

«Ես մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված: Սա եզակի անգլոամերիկյան ներդրում է Հայաստանում: Շուրջ կես միլիարդ դոլար ներդրում, նշանակալի տնտեսական օգուտներ շրջապատող համայնքներում: Երբ այն լիովին գործարկվի, կարող է դառնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն»,- ընդգծեց դեսպանը՝ ափսոսանք հայտնելով, որ աշխատանքներն այդ հանքավայրում արդեն չորս ամիս է ամբողջովին դադարեցված են՝ չնայած այն հանգամանքին, որ չկա Հայաստանի բնապահպանական օրենքների խախտում, չկա որևէ հիմնավորում կոռուպցիոն դրսևորումների մասին:

Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ կան օտարերկյա ներդրողներ, ովքեր ուզում են տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ կան Հայաստանում: «Կարևոր է, որ Հայաստանի կառավարության կողմից ճիշտ ազդակներ գնան դեպի այս ներդրողները»,- ասաց նա:

Միլսը հայտարարեց նաեւ Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել  ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավելի է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից:

Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված  գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին:

*

*