ՀՀ-ում գտնվող ՌԴ պատգամավորները հրաժարվել են անձամբ Արցախ այցելել

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր նրանց առաջարկել է միասին այցելել Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՀՀ այցելած Ռուսաստանի Դաշնային խորհրդի համանուն հանձնաժողովի անդամներին այսօր առաջարկել է միասին այցելել Լեռնային Ղարաբաղ։

«Անձամբ կարող եք տեսնել քառօրյա պատերազմի թողած հետքերը, ու թեեւ ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն կլսեք շարունակվող կրակահերթերի ձայները»,- ասել է Նահապետյանը։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Արցախ այցելություն չի լինի, ռուս խորհրդարանականներն օրակարգի համաձայն, այցելելու են Գյումրիի 102-րդ ռազմաբազա։

Համատեղ նիստում Կորյուն Նահապետյանը շեշտել է նաեւ, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» եւ «ՏՕՍ1-Ա» համակարգեր: Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը որեւէ կարծիք չի հայտնել կատարվածի մասին, փոխարենը մեկ առ մեկ պատմել է վերջին շրջանում հայ-ռուս պաշտոնյանների հանդիպումների մասին։ Նիստն այնուհետեւ շարունակվել է առանց լրատվամիջոցների ներկայության։

Ընդմիջմանը պաշտպանական հանձնաժողովների ներկայացուցիչները պետք է մեկնաբանություններ տային, սակայն ռուսական կողմը հրաժարվել է, ասելով, որ նիստի ավարտից հետո համատեղ հայտարարություն են ընդունելու։

Կորյուն Նահապետյանը լրագրողներին փոխանցել է, որ փակ դռների հետեւում բավականին բուռն քննարկումներ են ընթանում։

*

*