Հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարություն է տարածել
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյան

Տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ վայելում են քաղաքացիների վստահությունը։

Այս մասին ասված է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարության մեջ:

«Հարկ է արձանագրել, որ հեղափոխությունը չի հանգեցրել ընտրական պրոցեսներում հեղափոխական մշակութային փոփոխությունների։ Ռեյտինգային ընտրակարգի կիրառման պայմաններում ընտրության չափորոշիչ է եղել առավելապես թեկնածուների անձը, այլ ոչ նրանց ու իրենց կուսակցությունների կրած արժեքները, ինչն անմիջականորեն արտացոլվել է ընտրությունների արդյունքների մեջ։ Առանձին դեպքերում նկատվել են վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական պրոցեսներում «հեղինակությունների» ներգրավման դեպքեր։

Ձևավորվել է Ազգային Ժողով, որը համալրված է հռչակագրային կամ գործնական մակարդակում առավել լիբերալ գաղափարներ կրող ուժերով։ Ազգային Ժողովում գաղափարական այլընտրանքի բացակայության արդյունքում բանավեճերը լինելու են առավելապես անձերի միջև երկխոսության և փոխադարձ քննադատության շուրջ, և ոչ թե քաղաքական-գաղափարախոսականի, իսկ իրական քաղաքական բանավեճը կրկին ծավալվելու է խորհրդարանի պատերից դուրս՝ փողոցում կամ այլ ձևաչափերում։

Մենք հավատում ենք, որ միմիայն բազմակարծության և քաղաքական-գաղափարախոսական քննարկումների դաշտում կարող է ձևավորվել արդարություն յուրաքանչյուրի համար։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հռչակած օրակարգին, և գտնում ենք, որ Հայաստանում սահմանադրական, համակարգային փոփոխությունների ճանապարհով է կարելի հասնել ցանկալի արդյունքին։ Այդ նպատակի համար շարունակելու ենք գործել, ընդլայնվել, նոր համախոհներ գտնել՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

Ողջունելով Ազգային ժողովի պատգամավոր լինելու վստահությանն արժանացած հեղափոխական մեր ընկերներին, հույս ենք հայտնում, որ նրանք Ազգային ժողովի պատերի ներսում էլ կշարունակեն հեղափոխության արժեքների տարածման և հին քաղաքական համակարգի մերժման գործը, ինչի շուրջ պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուրի հետ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:

*

*