Պրահայում Հայաստանի դեսպանատան դիմաց այսօր բողոքի ցույցի արտոնություն ստացած փոքրաթիվ ադրբեջանցի երիտասարդների ակցիան ձախողվել է դեսպանատան տարածքում կազմակերպված հակացույցի արդյունքում:
Ադրբեջանցի ցուցարարներին Հայաստանի դեսպանատան աշխատակիցներն ու Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են Հայաստանի, Արցախի ու Չեխիայի դրոշներով եւ ազգային-հայրենասիրական բարձր երաժշտությամբ: Հայերի ձեռքին նաեւ ցուցապաստառներ են եղել՝ «Մարդկային վահանի ետեւում թաքնվելն անբարոյական է», «Կանգնեցրեք ագրեսոր Ալիեւին», «Լեռնային Ղարաբաղն ազատ պետություն է» եւ այլ գրություններով:
Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպանի հաղորդմամբ իր ունեցած տեղեկություններով՝ Չեխիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի ակցիան կազմակերպել են Բաքվից ստացած հրահանգով: