Ոչ մի բան էլ քարին գրված չէ. Արարատ Միրզոյան

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ՝ Ազգային ժողովում
ararat-mirzoyan-davit-tonoyan

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այսօր ներկա էր  Ընտրական օրենսգրքի շուրջ Ազգային ժողովի քննարկումներին, տեղեկացնում է yerkir.am-ը: Փոխվարչապետն ասաց, որ այսուհետ մասնակցելու է ԱԺ ֆորմատով քննարկումներին, իսկ նախկինում չի մասնակցել, որովհետև այդ քննարկումները համընկել են կառավարության նիստերի հետ:

Արձանագրվեց, որ բոլորիս ցանկությունն է, որ ունենանք մեկ փաստաթուղթ. քննարկումից հետո լրագրողներին ասաց Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին` ի վերջո, կլինի ԸՕ-ի մե՞կ, թե՞ երկու նախագիծ: «Կոնսենսուսն այն ուղենիշն է, որին ձգտում ենք բոլորս: Ինչպես տեսաք, քաղաքական ուժերը հրապարակավ հայտարարեցին, որ համաձայն են կոնսենսուսի, բայց տեսաք նաև, որ ասում են` կոնսենսուս կարող է լինել օրինագծի 90%-ի շուրջ, և լինեն այնտեղ հարցեր, որոնց շուրջ քաղաքական ուժերն ունենան այլ մոտեցումներ»,- ասաց նա:

Միրզոյանը լիահույս է և տպավորություն էլ ստացավ, որ բոլոր ուժերը գիտակցում են, որ պետք է անեն այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր է իրականացնել ավելի կարճ ժամկետում:

Ինչ վերաբերում է ընտրակարգին, նա ասաց, որ այդ կետի շուրջ բանակցություններ, որպես այդպիսին, չեն եղել: «Ընթացքը ցույց կտա` ոչ մի բան էլ քարին գրված չէ: Ի վերջո, պետք է գնալ այնպիսի լուծումների, որ լավագույնը կարողանա շահել ՀՀ քաղաքացին»,- ասաց  Միրզոյանը:

Հարցին` ամբողջական համամասնական ընտրակարգի շուրջ կոնսենսուս հնարավո՞ր է, Միրզոյանը չբացառեց, որ այո: «Ամեն ինչն էլ քննարկելի է: Ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, հստակ տեսնում եմ ռեյտինգային ընտրակարգի առավելությունը, բայց նաև տեսնում եմ թերությունները: Այդպես քաղաքացիները նախապատվություն են տալիս բիզնես շահեր հետապնդող մարդկանց: Ելնելով այս իրողությունից` կարծում եմ, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է, բայց ամեն ինչն էլ քննարկելի է գործընկերների հետ»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ իր համար էական չէ` նախագիծը ԱԺ քննարկմանը կներկայացնի խորհրդարա՞նը, թե՞ կառավարությունը: «Ինձ համար էական է, որ լինի լայն համաձայնություն և լավ նախագիծ: Ո՞վ կլինի դրա հեղինակը, կարևոր չէ իրականում»,- ասաց նա:

Դիտարկմանը` որ ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր` դուք պետք է գրեք այն օրենսգիրքը, որը ներկայացնում են քաղաքական ուժերը, ոչ թե դուք ձեր օրենսգիրքը ներկայացնեք, Միրզոյանն արձագանքեց. «Ես կառավարության այդ հանձնաժողովին շատ մասնագիտական չէի համարի, ամեն դեպքում պաշտոնական անվանման մեջ մասնագիտական բառը չկա: Խոսքը շատ կարևոր քաղաքական խնդրի մասին է, և մասնակցող մարդիկ նաև քաղաքական ուժի ներկայացուցիչ են: Կառավարությունն էլ քաղաքական ուժերից է, չէ՞, բաղկացած: Այդպես չի կարելի ասել` մասնագիտական և քաղաքական, այդպիսի սահմանազատումը տեղին չէ` իմ համոզմամբ»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ նախորդ քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչ Իոանննիսյանը հայտարարել էր, որ կառավարության հանձնախումբը մասնագիտական է, և որ այդ հանձնաժողովի առաջարկների հիման վրա պետք է փաստաթուղթ գնա ԱԺ` քննարկման:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետներին, Միրզոյանը չբացառեց, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ այն ժամկետներում, որ նշված է կառավարության ծրագրում, այն է՝ մեկ տարվա ընթացքում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները