Վիգեն Սարգսյան. «Հայերենս չի ներում շիտակ լինել պատասխանի մեջ՝ առանց հայհոյանքի…»

ՊՆ նախարարը նման խիստ ձեւով արձագանքեց Զարուհի Փոստանջյանի՝ 1000 դրամների նախագծի մասին ելույթին։
vigen-zaruhi

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում իր եզրափակիչ խոսքում  արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի որոշ թեզերի:

Մասնավորապես, խոսելով պատգամավորի արտահայտած մտքի մասին, թե «ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը հակապետական, հրեշավոր, կոռուպցիային միտված  նախագիծ է և որին հարկավոր է դեմ քվեարկել», Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ չի ցանկանում անդրադառնալ նրա ելույթին։

«Մի ելույթ, որին չեմ անդրադառնա, Զարուհի Փոստանջյանի ելույթն է, որովհետև իմ հայերենը չի  ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ առանց հայհոյանք օգտագործելու, իսկ դաստիարակությունս թույլ չի տալիս անել երկրորդը»,- նշեց Սարգսյանը:

Նախարարի խոսքով՝ բանակի մասին խոսելիս՝ «քաղաքական սելֆիների» մշակույթը պետք է վերացնել:

«Շատ ավելի վտանգավոր է քաղաքական գործիչը, որը սելֆի է անում այս ամբիոնում, քան այն շոուբիզնեսի ներկայացուցիչը, որը սելֆի է անում խրամատում»,- հավելեց Վիգեն Սարգսյանը:

Նա պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը՝ վստահեցնելով, որ հիմնադրամն աշխատելու է այնպես, որ բոլորը հպարտ են լինելու կողմ քվեարկելու համար:

*

*