ԸՕ փոփոխությունների համար անհրաժեշտ է 16 միլիոն դոլարի ներդրում

Փոփոխությունները պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի մեկը:
yntrakan-orensgirq-lsumner

Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը, կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 16 միլիոն դոլարի ներդրում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը` ավելացնելով, որ փոփոխությունները պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի մեկը: Նախատեսվում է միջոցները ներգրավել միջազգային կառույցներից:

Արձագանքելով ասվածին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 1-ը քիչ ժամանակ է մնացել, քանի որ մինչ այդ արձակուրդային շրջան է:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ փոփոխությունները բացառիկ պայմանավորվածության արդյունք են, և պետությունն, իր վրա հսկայական պարտավորություն վերցնելով, պետք է կարողանա լուծում տալ հարցին:

«Իրականացումը, բացի բարի կամքից և մեծ ջանքից, պահանջում է լուրջ ֆինանսավորման փաթեթ: Ամբողջ ֆինանսավորումը 16 միլիոն դոլար է կազմում: Միայն դրա առկայության դեպքում ծրագիրն իրականանալի կդառնա: Դա իսկապես մեծ բեռ է պետության համար»,-  ասաց Սարգսյանը:

ՀՀ վարչապետն էլ նշեց, որ պետք է սպասել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի և Արդարադատության նախարարի վերադարձին, ովքեր մեկնել են Ստրասբուրգ` քննարկումների, որից հետո կփորձեն հստակեցնել հարցը:

ՀՀ կառավարությունը հունիսի 23-ին հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերի փաթեթին:

*

*