ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱՄՆ

Այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է, մեկնել են Կանադա՝ մասնակցելու ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին
vigen-sargsyan-amn

Միացյալ Նահանգներ այցի շրջանակում նոյեմբերի 13-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան։ Աշխարհի լավագույն համալսարանների շարքին դասվող կրթօջախի Լասկին հանրային կապերի դպրոցի սաների և դասախոսական կազմի առջև Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել հանրային առաջնորդության մասին դասախոսությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանի բանակաշինության և այս փուլում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա ներդրումը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային այլ խնդիրների։

Նույն օրը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտիի հետ։ Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, որտեղ Վիգեն Սարգսյանը պատասխանել է Միացյալ Նահանգների առաջատար հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նախարարը մանրամասն անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի առավելություններին և ներկայացրել զինված ուժերում իրականացվող ծրագրերը։

Նոյեմբերի 13-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում։ Հայկական կազմակերպությունների ղեկավարների, համայնքային գործիչների հետ հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը, համայնքի մեծաթիվ ներկայացուցիչների առջև հանդես է եկել ծավալուն ելույթով: Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ ավարտվել է։ Պատվիրակությունը մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում կայանալիք ՄԱԿ-ի խաղաղարար համաժողովին:

*

*