Պատգամավորները՝ «քաղաքական հաճախորդ» եզրույթի մասին

Տիգրան Ուրիխանյան․ «Իմ հետաքրքրությունների տիրույթում չեմ պահում ոչ Բաղրամյան 26-ի, ոչ էլ այնտեղ այցելողների կենսագրությունը»
Կա իշխանություն, կա ընդդիմություն, եւ կան հաճախորդներ: Որքան ընտրությունները մոտենում են, հատկապես ընդդիմության դաշտում ակտիվանում են խոսակցությունները հաճախորդների մասին: Ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը միմյանց հաճախորդ են անվանում, ու այս պիտակին արժանանալու համար բավական է միայն քննադատել որեւէ ընդդիմադիրի կամ կիսել իշխանության որեւէ տեսակետ:

«Միանգամից ուզում եմ հերքել մեր մասով: Մենք այդպիսի խնդիր չունենք, ոչ էլ եղել ա, ոչ էլ դրա կարիքն ունենք»,- ասում է Միքայել Մելքումյանը։

Հետո պատգամավորը բացատրեց, որ փողոցով անցնող ամեն մարդու հաճախորդ չես ասի. դա քաղաքական տերմին է: Լավ օրից չէ, որ հաճախորդ են դառնում.

«Հո հաճախորդ չե՞ն ծնվում: Հաճախորդը էն մարդիկ են, ովքեր շանս չունեն, թե ինքնուրույն կհասնեն արդյունքի ու ակնկալում են իշխանությունների աջակցությունը եւ կատարում են պատվերը»,-բացատրում է նա։

Ընդդիմադիր դաշտում հաճախորդների մասին խոսեցինք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ: Ասաց՝ հաճախորդի պիտակը իրեն էլ են կպցրել, բայց ինքը հաճախորդ չէ.

«Ի՞նչ է նշանակում հաճախորդ եւ ո՞ւմ հաճախորդ: Բոլորին էլ նույնը՝ Սերժ Սարգսյանի հաճախորդը»,- ասում է նա։

Տրադիցիոն ընդդիմադիրները նոր ընդդիմադիրներից դաշտը մաքրելու համար են նրանց հաճախորդ անվանում, ասում է Լյուդմիլա Սարգսյանը, բայց հաճախորդ դառնալուց, փաստորեն, ոչ ոք ապահովագրված չէ.

«Կյանքը ցույց տվեց, որ բոլոր նրանք, ովքեր մյուսներին հաճախորդ էին անվանում, իրենք նույնպես ինչ-որ չափով հաճախորդ են: Եթե ընդդիմադիր դաշտում բոլորին հաճախորդ են անվանում, ուրեմն, գոյություն չունի ընդդիմադիր դաշտ, իսկ ես գտնում եմ, որ գոյություն ունի»,- բացատրում է Լյուդմիլա Սարգսյանը։

ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխնյանն ասաց՝ եթե ընդդիմադիրները քննադատում են իշխանության արատները, ինքը նրանց ողջունում է, եթե հաճախորդությամբ են զբաղվում, նրանցով չի հետաքրքրվում.

«Իմ հետաքրքրությունների տիրույթում չեմ պահում ոչ Բաղրամյան 26-ի, ոչ էլ այնտեղ այցելողների կենսագրությունը։ Ընդդիմադիր դաշտում հաճախորդ են անվանում այն ուժին կամ գործչին, որը քննադատում է մեկ այլ ընդդիմադիրի: Մեզ քննադատում են, մենք չենք քննադատում»,- ասում է Տիգրան Ուրիխանյանը։

 

*

*