Նիկոլ Փաշինյանը խոստացավ ապահովել բոլորի հավասարությունն օրենքի առաջ

«Դա առաջին հերթին վերաբերվում է վարչապետին, նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին»:
pashinyan-aj-baxdasaryan

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացրեց վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում տնտեսության զարգացման տեսլականը: Նա խոստացավ ապահովել բոլորի հավասարությունն օրենքի  առաջ. «Դա առաջին հերթին վերաբերվում է վարչապետին, նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ Հայաստանի ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածք ունի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում դրա կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ: Պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը պետք է իր հետ բերի կոնկրետ հետևանքների»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի պաշտոնում երաշխավորելու է, որ ՀՀ-ում ոչ մի տնտեսական մենաշնորհ չի լինելու, որևէ մեկի առաջ չի գործելու ինչ-որ բան ներկրելու արգելք: «Մենք սա պատրաստվում ենք անել ոչ թե որևէ մեկին ճնշելով, հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքները անառարկելիորեն վերացնելով, տնտեսական հավասար մրցակցություն ապահովելով, գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը վերացնելով»,-նշեց նա:

Տնտեսության հիմքում պետք է լինի կրթությունն ու նորարարությունը, ոլորտի դիվերսիֆիկացիան լինելու է առաջնահերթությունների ցանկում: Փաշինյանը տնտեսական քաղաքականության մեջ ուշադրություն է դարձնելու տնտեսության բոլոր ճյուղերի վրա՝ ապահովագրելով հնարավոր արտաքին և ներքին ցնցումներից:

Նա շեշտեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում չպետք է լինի միայն սփյուռքից նյութական օգնություն ակնկալելը, պետք է առավելագույնս ներգրավել սփյուռքի հսկայական նյութական և մարդկային ռեսուրսը պետականաշինության գործում:

 

*

*