Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը մեկնաբանում են վարչապետի հայտարարությունը

Yerkirmedia.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն ու «Ելք» խմբակցության պատգամավորը նշեցին, որ...
nikol-pashinyan (2)

Հունիսի 7-ին՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով կառավարության մաս կազմող ուժերի կողմից ընդհանուր քաղաքական պատասխանատվություն կրելու վերաբերյալ հարցին, պատասխանեց, որ կառավարության գործունեության համար պատասխանատվություն կրում է միայն այն քաղաքական ուժը, որը կազմակերպել ու իրականացրել է հեղափոխությունը:

Yerkirmedia.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, վարչապետի այս հայտարարության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիովին պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար այն ոլորտներում, որոնց ղեկավարումն իրենք ստանձնել են: «Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, իրավունք ունի ունենալու իր դիրքորոշումը, և այն ուժը, որը երկրում հեղափոխություն իրականացրեց, կրում է ամենամեծ պատասխանատվությունը, բայց այսօր «Բարգավաճ Հայաստանը» կառավարության կազմում է: Մենք երբեք չենք խուսափել պատասխանատվության մեր չափից, և մենք այն ոլորտների համար, որտեղ ղեկավարում ենք ստանձնել, բացարձակ պատասխանատվություն ենք կրում»,- ասաց Զոհրաբյանը:

Կառավարության մաս կազմած քաղաքական ուժերի միջև կոալիցիա ձևավորվելու, համապատասխան հուշագիր ստորագրելու վերաբերյալ մեր հարցին Զոհրաբյանը պատասխանեց, որ նման քննարկումներ չկան: «Այս կառավարության խնդիրը ժամանակավոր գործառույթներ իրականացնելն է, կոռուպցիայի ողնաշարը ջարդելն է, բոլոր ոլորտներում խաղի արդար կանոններ հաստատելը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը»,- նշեց Զոհրաբյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ և ՀՅԴ-ն, և «Բարգավաճ Հայաստանը», և «Ելք» դաշինքն ի դեմս իրեն հայտարարեցին, որ պատասխանատվություն կրում են այս կառավարության գործունեության համար: Այն հարցին, թե արդյոք վարչապետի հայտարարությունը չի ենթադրում, որ միայն իրենց քաղաքական ուժն է կրում այդ պատասխանատվությունը, Մարուքյանը նշեց, որ սա ընկալման հարց է:

«Ես այդպես չեմ ընկալել, և մյուս ուժերը հայտարարել են, որ պատասխանատվություն են կրում: Չեն կարող քաղաքական ուժերը նախարար ունենալ կառավարությունում և ասել, որ իրենք պատասխանատվություն չեն կրում»:

Մեր այն դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության մաս կազմած ուժերը պարզապես օգտվել են դրանում ընդգրկվելու հնարավորությունից՝ համաձայնության կառավարություն ձևավորելու նպատակով, Մարուքյանը նշեց, որ չի կարող համաձայնության կառավարություն ձևավորվել առանց ընդհանուր պատասխանատվության:

Մարուքյանը արտահերթ ընտրությունների մասնակցության ձևաչափի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասաց, որ այդ հարցի շուրջ դեռ քննարկումներ կլինեն: «Ընտրությունները վաղը կամ մյուս օրը չեն լինելու, դեռ ժամանակ կա,  բնականաբար այդ քննարկումները տեղի կունենան, և հանրություն կտեղեկացվի արդյունքների մասին»,- եզրափակեց Մարուքյանը:

 

Պատրաստեց՝

Հայկ Սահակյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները