«Ես ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի շատ հոգ տանել, քան բանակի մյուս զինվորների մասին»

Փաշինյանն այցելել է կենտրոնական զինկոմիսարիատ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ գտնվում է նաև նրա նորակոչիկ որդին՝ Աշոտ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասաց, որ իր որդու համար անհանգստությունն ավելին չէ, քան բանակի մյուս զինվորների համար իր ունեցած անհանգստությունն ու մտահոգությունը:

«Ես ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավելի շատ հոգ տանել, քան բանակի մյուս զինվորների մասին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ճաշեցին զինակոչիկների հետ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունեցավ շփվելու բանակ ուղևորվող տղաների հետ՝ հասկանալու ծառայության վայրի նրանց նախընտրությունները։

Ճաշից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սնունդը շատ որակով էր, բայց չի կարող մի զորամասի սնունդով պատկերացում կազմել բոլոր զորամասերի մասին: Ներկայում վարչապետն ու նախարարը շրջայց են կատարում զինկոմիսարիատում, նա մանրամասնորեն զննում է բոլոր սենյակները:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուշադրության կենտրոնում այս զորակոչի ընթացքում արդարությունն է լինելու:

«Ես անձամբ ստացել եմ սննդի որակին վերաբերող դիմումներ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ի տարբեր մարմիններ զբաղվում են ցանկացած դիմում-բողոքով:

Հարցին, թե այս զորակոչն ինչո՞վ է տարբերվում մյուսներից,վարչապետն ասաց՝ նրանով, որ կայանում է նոր Հայաստանում:

Փաշինյանը նշեց՝ իրենց առջև պլան չեն դրել բանակում կամ այլ տեղ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը:

«Ընդհանուր կանխավարկածն այն է, որ կոռուպցիա կա: Եվ կբացահայտվի այնքան, որքան կա՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց նա:

*

*