Հայաստանը պետք է դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին
pashinayn-xazaxstan

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի հայրենակիցներ, սկսեմ խոսքս նրանից, թե ինչ մտածեցի, երբ ներս մտա և ձեզ տեսա: Փորձեմ մի փոքր հեռվից գալ, որպեսզի ձեզ պարզ լինի: Վարչապետ ընտրվելուց հետո ես շատ եմ ճամփորդում և յուրաքանչյուր երկիր ուր գնում եմ, մոտավորապես այս կարգի հանդիպումներ են լինում մեր հայրենակիցների հետ, և երբ հանդիպում ենք այսքան հարազատ դեմքերի` մտածում ենք հետևյալը. մենք իսկապես հզոր ժողովուրդ ենք մեր պոտենցիալով, բայց ցավոք այն ամբողջությամբ չենք օգտագործում մինչ այս պահը: Հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև հայության շրջանում, համազգային գիտակցության մեջ, որի ամենակարևոր արդյունքը պետք է լինի ազգային պոտենցիալի օգտագործումը, որպեսզի միասին հզորացնենք մեր հայրենիքը, որը պետք է լինի հայության լինելիության թիվ մեկ երաշխավորը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջերս ծանոթացել է սոցիալական մի հարցման, որով պարզվել է, որ «Ես հայ եմ» արտահայտությունը տարբեր ժամանակներում տարբեր ընկալումներ է ունեցել: «21-րդ դարում «ես հայ եմ« արտահայտությունն առաջին հերթին իրեն նույնականացնում է Հայաստանի անկախ պետականության հետ: Մեր ամենակարևոր խնդիրն է, որ մենք մեր ներուժն իսկապես ներգրավենք Հայաստանի հետագա զարգացման գործում: Մեր ամենակարևոր բացթողումը եղել է այն, որ միասնական նպատակներ չենք ձևակերպել, և մեր ազգի տարբեր հատվածները գործել են ոչ այնքան միասնական: Մենք պետք է միասնական ազգային նպատակ ձևակերպենք և բոլորս մեր ուժերը կենտրոնացնենք այն իրագործելու համար: Կարծում եմ, որ տեղի ունեցած հեղափոխության ամենակարևոր առանձնահատկությունը հետևյալն է. մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, նոր ոգևորություն, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակով պաշտպանել ինքն իրեն, զարգանալ, գրավիչ լինել ներդրումների և այնտեղ ապրելու համար»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*