«Չգիտեմ, ինչի՞ եք այդքան թախծոտ ձայնով այդ հարցը տալիս». Փաշինյանը՝ Ուրիխանյանին

«...եթե չլինեն գումարներ այդ պարտքը սպասարկելու համար»

Այսօր Ազգային ժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Հայաստանը կարողանալու՞ է առանց խնդիրների սպասարկել արտաքին պարտքն ու, եթե չլինեն գումարներ այդ պարտքը սպասարկելու համար, կարո՞ղ է Հայաստանի Հանրապետությանը սպառնալ դեֆոլտի վտանգ։

«Չգիտեմ, ինչի՞ եք այդքան թախծոտ ձայնով այդ հարցը տալիս, որովհետև հասկանալի է չէ՞, որ դա նորություն չէ, այսօր չի ծագել ու հասկանալի է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով, բյուջետային պլանավորման ծրագրով այդ ամեն ինչը նախատեսված է։ Ո′չ, ձեր նշած որևէ սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը չի կարող սպառնալ։ Ո′չ, անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու են։ Ո′չ, պետական բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են։ Այս տարի մենք նվազագույնը 40 մլրդ դրամով ավելի գումար ենք հավաքելու պետական բյուջե և մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները մեզ հիմնավորում են, որ մենք պետբյուջեի եկամունտները շարունակաբար ավելացնելու ենք՝ տնտեսության աճի ու ստվերային տնտեսության կրճատման հաշվին», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխանը պատգամավորը նշեց՝ հարցը թախծոտ ձայնով է տալիս, քանի որ խոսում է ահռելի պարտքի մասին։

«Հարցը տալիս եմ ահռելի պարտքի մասին՝ ժպտում եք, հետո ասում եք՝ «թախծոտ ձայնով»։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը չի կանոնակարգում ԱԺ պատգամավորի ձայնի ելևէջները, բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ ա, բա ինչ ա», — ասաց Տիգրան Ուրիխանյանը։

*

*