Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից

Ուղերձներ են հղել նաեւ Բելառուսի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները
nikol-pashinyan (2)

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ուղերձում նշված է.

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։

Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։

Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»։

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը,  Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը,  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին, Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

*

*