«Սափրված Փաշինյանն ու թրաշով Փաշինյանը տարբեր բաներ են ասում»․ Շարմազանով

ՀՀԿ-ն Փաշինյանին տվել է 9,7% տնտեսական աճով բյուջե, սակայն այսօր նա բերել է 4,9% տնտեսական աճով բյուջե:
sharmazanov

Պատգամավոր և սափրված Փաշինյանն ու թրաշով Փաշինյանը տարբեր բաներ են ասում. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Նա նախ նշեց, որ ՀՀԿ-ն Փաշինյանին տվել է 9,7% տնտեսական աճով բյուջե, սակայն այսօր նա բերել է 4,9% տնտեսական աճով բյուջե: Պարզաբանելով իր` բյուջեի նախագծին դեմ քվեարկելը, պատգամավորն ասաց. «Գնացեք Ալավերդի, կտեսնեք, որ 630 մարդ աշխատանքը կորցնելու վտանգի դեմ է կանգնած: Փաշինյանն ինքն է ասում, որ 10 հազար ուսուցիչ ավելի է աշխատում. էդ որ ավելի է աշխատում, ի՞նչ պետք է անեն, պետք է գնան տո՞ւն: Ասում է` պետք է նախարարությունների թիվը կրճատվի, դա կբերի շուրջ 150 հազար քաղաքացու աշխատանքից զրկվելուն: Ասում է` ես չեմ հասկանում` ո՞նց կարելի է 80 հազար դրամով ապրել: Ախպե’ր ջան, բա էսքան շուտ փոխվեցի՞ր, բա ժողովրդի թեկնածուն էիր, ժողովրդի հետ էիր: Ժողովուրդը, որ հացի փող չունի, 50 հազարով էլ կարող է աշխատել: Իսկ մինչև 80 հազար դրամով աշխատողներին աշխատանքից հանելը, 100, 120 հազարով աշխատանք ապահովել ե՞ս, որ մարդիկ աշխատեն: Հիմա 80 հազար դրամո՞վ է լավ աշխատելը, թե՞ զրո դրամով»:

Շարմազանովը նշեց, որ այս ամիսների ընթացքում Փաշինյանի և նրա կառավարության առաջարկները եղել են` կրճատումները, աշխատատեղերի փակումը և ժողովո’ւրդ ջան, ևս երեք տարի սպասեք, կարող է ներդրում լինի: «Այս ընթացքում մի ներդրում բերե՞լ է, մի աշխատատեղ բացե՞լ է: Մտեք խանութները, գները նայեք: Ասում է` բանանն էժանացել է: Չհասկացա, էս ժողովուրդը պետք է մենակ բանա՞ն ուտի»,- ասաց նա:

Շարմազանովը թվարկեց, թե ինչով են տարբերվում սափրված և չսափրված Փաշինյանները: «Սափրված Փաշինյանն այս ամբիոնից ասում էր` ՀՀ ճանապարհներից պետք է իսպառ վերացվեն տեսախցիկները, արագաչափերը: Այսօր գալիս է` արագաչափերը պետք են: Կա՞ հակասություն, թե՞ ոչ. Փաշինյան պատգամավորն ասում էր` պետք է արագաչափերը հանվեն, վարչապետ Փաշինյանն ասում է` պետք չէ: Ասում էր` կարմիր գծերից ստացվածը գնում է որոշակի մարդկանց գրպանները: Բա հիմա այդ մարդիկ էլ իշխանության չեն, հիմա` կա’մ փայ ես դու այդ մարդկանց հետ, կա’մ էլ քո գրպանն է գնում` քո տրամաբանությամբ: Բա ինչո՞ւ կարմիր գծերը չես հանում: Ասում էր` Հայաստանում այլևս Բաղրամյան 26-ից որևէ մեկը չպիտի զանգի դատավորներին, իսկ միտինգին ասում էր` ուզում եմ տեսնեմ էն դատավորին, որն իմ ասածը չի անի, կա՞ այդպիսի դատավոր, որն իմ ասածը չի անի: Սա նրա խոսքի ակնհայտ խախտում է»,- ասաց պատգամավորը, ապա շարունակեց. «Քառօրյա պատերազմի օրերին հայտարարել է` այս պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար է և համաձայնեցված է Ռուսաստանի հետ, բայց հիմա երբ Ռուսաստան է գնում, բացի այն, որ հարաբերությունները փայլուն են և Պուտինին 20 անգամ «սպասիբո» ասելուց այլ բան չի ասում: Օպերայում այն ժամանակ, երբ դեռ սափրված էր, ասում էր` ժողովրդի 80 տոկոսը դեմ է կուտակայինին, և պետք է դա հաղթանակով պսակվի, հիմա վարչապետ է, դարձավ պարտադիր կուտակայինի մոլի երկրպագու: Փաստերով եմ խոսում, նրա նման օդից կախված լուրեր չեմ ասում, իսկ փաստերով` պատգամավոր եղած` սափրված Փաշինյանը և թրաշով Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում»:

Շարմազանովը հայտարարեց, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին` ասել էր մի բան, անում է մեկ այլ բան:

*

*