Փաշինյանը հայտարարություն կանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը։
pashinyan-storagrel

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին առաջիկայում վարչապետ Փաշինյանը հանդես է գալու հայտարարությամբ։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը։

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած փաստաթղթի շուրջ բուռն քննարկումներից հետո, գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տարակուսանք հայտնելով Վենետիկի հանձնաժողովի զեկույցի, իրենց ձեւակերպմամբ, «միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակի» ձեռքում հայտնվելու առիթով։

Հայտարարությունում հատուկ առանձնացվել է «վեթինգ» բառի մեկնաբանությունը եւ այն եղանակներն ու ձեւը, որով այդ գործիքը կիրառվել է տարբեր երկրներում:

«Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի, դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որեւէ խզում նախկինում արված հայտարարությունների եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջեւ չկա», արդարացել են արդարադատության նախարարությունում։

Տեղեկացվել է, որ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ լիագումար նստաշրջանից մի քանի օր անց Ստարբուրգում է եղել նաեւ նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը, ով ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները։ Հաղորդագրության ավարտին նախարարությունը ճշտել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործադիր իշխանությունը որեւէ պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել։

*

*