Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել՝ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ

Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին, կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկանում:
armen-sargsyan-nikol-pashinyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի ընտանիքին:

«Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակը իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը։

Ժակ Շիրակի անունը և գործերը մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի»,- մասնավորապես ասված է հեռագրում:

Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է․

«Հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հայ ժողովուրդը երախտապարտ է Շիրակին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի, այդ թվում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի մշակութային կոթողների նկատմամբ նրա անձնական ուշադրության համար»։

Հիշեցնենք, որ Շիրակը Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995-2007 թվականներին, կյանքից հեռացել է սեպտեմբերի 26-ին՝ 86 տարեկանում:

*

*