«Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է». Փաշինյան

«Պուտինի հետ ունեցած հանդիպմանը խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման մասին»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է դառնալու: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավոր Միհրան Պողոսյանի հարցին, թե ռուսական կողմից հետ  ե՞րբ է ձեռք բերվել ռուսական «Տոռ» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնությունը, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարցի ուղիղ պատասխանը պարունակում է պետական գաղտնիք, սակայն անդրադարձավ հայ-ռուսական համագործակցությանը բոլոր, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:

«Ես կարող եմ ասել, որ Սոչի կատարած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին:  Բոլոր ուղղություններով,  այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության, և մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ է լինելու: Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի մթնոլորտ է նկատվում, և մենք հույս ունենք, որ այդ մթնոլորտը հետագայում էլ ավելի կխորանա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի հարցին՝ «Տոռ» համակարգը Հայաստանին մատակարարվում է նոր պայմանավորվածությունների համաձա՞յն, թե վերջին վարկային համաձայնագրի շրջանակներում, Փաշինյանը պատասխանեց. «Մենք այդ վարկային համաձայնագիրը քննարկել ենք Ազգային ժողովում նաև վավերացումից առաջ, և երբեք նման հարցերը բաց չենք քննարկել:  Ես հույս ունեմ, որ դուք չեք ակնկալում,  մենք բաց ընթացակարգով այդ հարցերը կքննարկենք: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ զինված ուժերի կարիքները Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են,  անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»,- եզրափակեց Փաշինյանը:

*

*