Նիկոլ Փաշինյանը կատարեց իր ընտրությունը

Քվեարկեց հանուն ազատ, երջանիկ ու հզոր Հայաստանի
pashinyan (1)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկեց հանուն ազատ, երջանիկ ու հզոր Հայաստանի: Փաշինյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 8/16 ընտրատեղամասում, որտեղ եկել էր ընտանիքի՝ կնոջ և երեխաների հետ:

«Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ընտրողներն են որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում, և ով՝ ոչ: «Ընտրությունների արդյունքում կիմանանք, թե ով է Հայաստանի կառավարության հիմնական ընդդիմադիրը»,- հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը:

Անդրադառնալով ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մասնակցող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե մարզպետներն աշխատում են «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ Փաշինյանն ասել է. «Մեր մարզպետների մեծ մասը թեկնածու են և քարոզարշավ են իրականացնում օրենքով սահմանված կարգով: Անտրամաբանական կլիներ, եթե նրանք քարոզարշավի ընթացքում աշխատեին ուրիշի օգտին: Օրենքը նրանց թույլ է տալիս թեկնածու լինել: Իհարկե, այս ընթացքում արձակուրդում են եղել»: Նա բացառեց մարզերում որևէ ուղղորդման դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր մարզային հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ Մարտի 1-ի գործին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

«Ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը, որոնք արդեն իսկ իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008-ի Մարտի 1-ի մասին նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է: Ըստ էության, իրական պատկերը բացահայտված է: Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»,- հայտարարեց նա:

Փաշինյանը հերքեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական համակարգի վրա որևէ ճնշում է եղել: «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում և Քոչարյանի գործով: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ դատական համակարգը երբեք այնքան անկախ չի եղել, որքան այսօր է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանի կողմից պետական դավաճանության մեղադրանքների մասին հնչեցված հայտարարությանը՝ նա նշեց. «Եթե մեկը թաքցնում է պետական դավաճանության փաստը, նա առնվազն պետական դավաճանությանը նպաստող, աջակցող մեկն է: Հետևաբար նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, հենց իրենք են պետական դավաճաններ, քանի որ չեն գնում ԱԱԾ ցուցմունք տալու: Կամ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ ներկայացնեն»:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խոսեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին: Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա:

«ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է, և ես ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ: Այսպես, թե այնպես Հայաստանի ժամկետը պետք է սպառվի: Շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք շատ լրջորեն քննարկվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

*

*