Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում է

Կարևորվել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը...

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ կառավարության ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան:

Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր կառույցներ:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում և «Քեսարիեհ Բազարի»-ում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Նիկոլ Փաշինյանն Աբբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը:

Սպահանի նահանգապետը բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

*

*