Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացմանը

«Մեր միտքը պետք է լինի կառուցողական, ճկուն, հզոր․․․»
nikol-pashinyan (2)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Յուրաքանչյուր կառավարության, ինստիտուտի ու, կարծում եմ, անհատի խնդիրն է՝ գիտակցել սեփական գործողությունները և կառավարել դրանք: Դա է պատճառը, որ մենք կայացրել ենք որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն, որի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում. կենտրոնը պետք է ընդարձակի ընդհանուր մտավոր դաշտը, մտավոր տարածքը, գործողությունների դաշտը և տարածքը, որում գործում ենք մենք, որում գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որում գործում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը:

Մեզ համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի  համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Մենք ամենևին էլ այս կենտրոնը, որը վարչապետի աշխատակազմում է, չենք համարում ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը»: Վարչապետն ընդգծել է, որ կենտրոնը պետք է  համագործակցության կամուրջներ և մեխանիզմներ ունենա վերլուծական այլ կենտրոնների հետ, այդ թվում՝ մասնավոր:

Վարչապետը շնորհավորել է «Օրբելի» կենտրոնի բացման առթիվ և վերջինիս վերլուծաբաններին ու փորձագետներին մտավոր գործունեության մեջ մաղթել հաջողություններ: «Այն ամենը, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջը, նախ տեղի է ունենում մեր մտքում և հետևաբար մեր միտքը պետք է լինի կառուցողական, ճկուն, հզոր ու կարողանա հաղթահարել բոլոր արգելքները: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

*

*