ՀՀ վարչապետը չի բացառում մինչև տարեվերջ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը

«Պետք է արագացնենք արտահերթ ընտրությունները․․․»
nikol-pashinyan-aj 01.05

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը:

«Պետք է արագացնենք արտահերթ ընտրությունները, որովհետև այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի ու տնտեսության ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ նրանք բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է երկարաժամկետ քաղաքական տեսլական, որպեսզի տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ ու փոփոխություններ անել: Տնտեսական շահերից է բխում, որպեսզի արագ անենք այդ փոփոխությունները»,-ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների հասնելու տարբերակները շատ են, բայց պետք է քննարկումների արդյունքում գտնել դրանցից ամենառացիոնալը:

«Մեր խնդիրը ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելն է, այլ հասնելն է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք պատրաստ ենք բոլոր տարբերակները քննարկել: Մենք պատրաստ ենք նաև կառուցողական բանակցությունների: Պետք է հասնենք ամենառացիոնալ տարբերակին: Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող տեղի չունենալ, և ժողովրդի պահանջն է, որ դրանք տեղի ունենան հնարավորինս ամենակարճ ժամկետում»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

*

*