«Համբալ, քթիդ ուտելու ես». Բիշարյանը Նիկոլին դուրս հրավիրեց՝ «ռազբորկայի»

ԱԺ-ում արդեն երեք օր տևող Փաշինյան-ընդդիմադիր խմբակցություններ հակամարտությունն այսօր հասավ իր գագաթնակետին:
nikol-bisharyan

Ազգային ժողովում արդեն երեք օր տևող Փաշինյան-ընդդիմադիր խմբակցություններ հակամարտությունն այսօր հասավ իր գագաթնակետին: Ամեն բան սկսել էր նրանից, որ Փաշինյանը քննադատել էր ընդդիմությանն՝ իշխանության հետ համաձայնագիր ստորագրելու համար: Բիշարյանը նրան հանդիմանել էր ընդդիմադիր գործընկերներին քննադատելու համար, Զոհրաբյանը նրան անվանել էր «քաղաքական աղանդ»:

Ընտրական օրենսգրքի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Փաշինյանն անդրադարձավ այս գնահատականներին: Դիմելով Բիշարյանին՝ տարակուսեց, թե՝ «մենք ձեզ ի՞նչ գործընկեր, ձեզ գործընկեր են Սամվել Ալեքսանյանն ու Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը»։ Ասաց, թե ՕԵԿ-ը փոխել է կուսակցության անունը, խմբակցության անունը, ու մնաց, որ փոխի նաեւ անուն-ազգանունն ու բեղեր դնի, որ փողոցում չճանաչեն:

Հեղինե Բիշարյանին, սակայն, հունից հանեց Փաշինյանի այն արտահայտությունը, որ այդ ուժի խղճին է մարտի 1-ի զոհերի արյունը:

«Համբալ»,- տեղից բղավեց Բիշարյանը, իսկ ավելի ուշ, ամբիոնից Փաշինյանին դուրս հրավիրեց՝ «տղայական ռազբորկի»՝ ամբիոնից հայտարարություններ անելու փոխարեն:

«Դուք ձեր քթին ուտելու եք ձեր ասածների պատասխանները»,- ասաց Բիշարյանը:

Նա եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Փաշինյանին մեղադրեցին իշխանության պատվերը կատարելու մեջ:

Իսկ Զոհրաբյանին բարկացրել էր Փաշինյանի այն հայտարարությունը, թե  ԲՀԿ ղեկավարը մեկ ամիս առաջ զանգել է լրատվամիջոցներին ու խնդրել չհրապարակել իր ելույթի մի հատված՝ հայտնի «բամփելու» մասին, պատճառաբանելով, թե այդպես է ասել Հովիկ Աբրահամյանը:

«Այո, լրագրողներին զանգել եմ, բայց դա չի եղել տվյալ անձի կարգադրությամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Տեսանյութերը՝ a1plus.am-ի

*

*