Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:
Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով:
Դեսպանը փոխանցել է իր երկրի կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու և ամրապնդելու երկկողմ կապերը: Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունը աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: